Մարկ Ցուկերբերգը մեկնաբանել է գովազդատուների բոյկոտը

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը աշխատակիցների հետ անցկացրած տեսակոնֆերանսի ընթացքում ասել է, որ ընկերության քաղաքականությունը չի փոխվի գովազդատուների բոյկոտի պատճառով: Այս մասին գրում է «The Information»֊ը՝ հղում կատարելով կոնֆերանսի մասնակիցներին:

Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները նախաձեռնել էին #StopHateForProfit արշավը և կոչ էին արել գովազդատուներին բոյկոտել սոցիալական ցանցը: Իրավապաշտպանների կարծիքով, Facebook-ը չի կանխում «ռասիստական, ատելի և գիտակցաբար կեղծ բովանդակության» տարածումը:

Բոյկոտին արդեն միացել են 500 ընկերություն՝ ներառյալ Adidas-ը, Ford-ը, Microsoft-ը, Coca-Cola-ն, Starbucks-ը, Unilever-ը, Viber-ը և այլոք: Խոշոր ապրանքանիշերը մեկ ամսով դադարեցնում են գովազդի տեղադրումը սոցիալական ցանցում` Facebook-ի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:

Բոյկոտի առաջին երկու օրվա ընթացքում Facebook-ը կորցրեց շուկայական արժեքի մոտ 60 միլիարդ դոլարը, բայց հետո ընկերության բաժնետոմսերը սկսեցին նորից աճել:

Մարկ Ցուկերբերգը սոցցանցի աշխատակիցների հետ անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ նշել է, որ Facebook-ը չի փոխի հարթակում ատելության խոսքը հայտնաբերելու և հեռացնելու մոտեցումը: Նրա կարծիքով՝ բոլոր գովազդատուները վաղ թե ուշ կվերադառնան Facebook:

Բացի այդ, Ցուկերբերգը բոյկոտը անվանել է հեղինակության, այլ ոչ թե ֆինանսական խնդիր: Facebook-ի ղեկավարը նշել է, որ սոցիալական ցանցի գովազդային եկամուտների հիմնական մասը բաժին է ընկնում փոքր բիզնեսին, ուստի խոշոր բրենդների բոյկոտը սպառնում է միայն «եկամուտների փոքր տոկոսին»:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ