Զոզ Հովսեփյան ֊ «Տա՜ր, այնտեղ…»

Վերցրու ինձ հետդ…
մի նայիր, որ ծանր եմ,

տա՜ր այնտեղ, ուր չկան պատերազմներ,
ուր բոլոր օրերը սկսվում են նոր տողերից,
այնտե՜ղ…
ուր խաղաղության ժապավենները ներկված չեն կարմիրով,
կապույտ են դրսից,

տա՜ր ինձ այնտեղ,
ուր օրացույցները սխալվում են,
ուր չհամարակալված օրերում
պարտվողներ չեն լինում,
որովհետեւ հաղթողները
սանձել են կռիվներին,

տա՜ր այնտեղ,
ուր ստիպված չես փոխել ալիքը,
որ չլսես,
թե ինչ-որ մեկը
նետվել է այն կամրջից,
որից ցած նայելիս
ոտքերդ են դողացել,

այնտե՜ղ…
ուր հրաժեշտ տվողները
հերթի չեն կանգնել,
ու քաղաքի անկյունները
դեռ չեն լցվել լքվածներով…

տա՜ր… տա՜ր այնտեղ,
ուր այսքանից հետո
շարունակում են
ապրել աստվածներ,
ուր հիշողությունը ժլատ չէ
ու թողնում է վերապրել,

ուր չես զգում ապաշխարած մեղքերի
ծանր թեթեւությունը,
ու հանցանքները նժարին չեն դրվում՝
ներվելու համար,

ուր գիշերը առավոտներ չի խլում,
ու չես մնում փակված կոպերից այն կողմ…
ուր մարդ լինելը կոչում է,
ապրելը՝ պատիվ…

տա՜ր, որովհետեւ չգիտեմ,
թե քանիերորդ կյանքն եմ
ապրում այստեղ…

իսկ ե՞ս…
հիշի’ր,
ես կատու չեմ…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ