Զոզ Հովսեփյան – «Պատիվ ունեմ»

Պատերազմը պատռեց ճաղավանդակը հին, որ շատ վաղուց չէր կարկատվել, ու պայթյունի ձայներից խլացան խաղաղության ականջները…
ամուր կոճկիր այդ զսպաշապիկը, որ նռնակի պայթյուններից էլ խաղաղությունս չհամրանա,
թող մարտի դաշտում ծաղիկներ բացվեն, որ արնահոտը երկինք չդառնա մեր կապույտ հոգում,
թող սանձահարվեն ականները վայրի, որ ոչ մի սեւից գլխաշոր չկարվի,
թող կարոտի փշալարերը չգծեն սահման իմ ու քո միջեւ, ու թող սպասումս խոցվի արձակած փամփուշտներից.
ինչպես ազատվեմ մի բեռ սպասումից, որ շաղախված է կարմիր հույսերով,
ինձ կապույտ դարձրու, որ խաղաղության բույրերով շնչեմ ու ինձնով ծածկեմ հոտը վառոդի, որ քո ձեռքերը զենքով չբուրեն,
թող մեղմ հայացքով բռունցքդ շոյեմ, որ ապաքինվես հիշողությունից պատերազմների.
դեռ չես վերադարձել ու… նույնիսկ երկինքն է ծանրացել վրաս, որ կարոտները ներսիս չպայթեն.
ասա, որ կգաս այն խրամատից, որ լեփ-լեցուն է իմ աղոթքներով, որ արցունքի պես թափվել են բարձիս, ու գիշերն ինքն էլ տեղյակ չի եղել, գիշերը մութ է, ոչինչ չի տեսնում, նա աչքեր չունի, ու խավարի մեջ ես տեսնում եմ քեզ միմիայն սրտով. խոստացիր երբեք չգիշերանալ իմ երազներում.
արի՜, ու քո վերքոտ ձեռքերով զինաթափ արա պատերազմները, դի’ր խաղաղության զոհասեղանին.
խոստացիր, որ սպասումս չի լինի իզուր, որովհետեւ միայն վերադարձդ կլինի իմ պատերազմի հաղթանակը.
վերադարձիր, որ լինելս երբեք հանցավոր չդառնա չլինելուդ առաջ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ