
Մի ողջ հավերժություն ես իմ վայրկյաններում,
մտքիս ոչ մի պահոցում
չես տեղադրվում,
չես տեղավորվում,
տեղ չես անում,
երեւի լինելուցս ու լինելուցդ
առաջ էլ եմ սիրել,
չեմ դադարի հետո էլ…
սիրում եմ առանց նախապաշարմունքների,
առանց զգուշավորության,
բոլոր մեղքերից դուրս,
ապաշխարանքներից այն կողմ,
սեփական ես-իցս թաքուն…
ոտնաձայներդ դեռ կարոտվում են այն փողոցում,
որտեղ միակ հեռացողը դու ես,
որտեղ գալ-ը քեզ հականիշ ես դարձրել,
որտեղ սրբել ես լինելուդ բոլոր հնարավորությունները,
հա՜, մենք պարտվել ենք մեր միջեւ եղած
մի ափաչափ հեռավորությանը,
ուր հաղթանակները հանձնված են մոռացումներին,
ուր լիալուսինները կիսատված են սպասումներից,
ուր անօդ իրականության մեջ ստիպված ես տեղավորել
ինչ-որ մեկի շնչահեղձ լինող բացը…
գուցե մի օր ուրիշի ձեռքերում փնտրես հպումներս
ու չգտնելով՝ հանձնվես բացակայիս անմատնահետք ցրտին,
որ պատուհանի վրա նախշեր է թողնում,
կամ ուրիշի աղմուկի մեջ խլացնես լռությունս,
որը հոգուց է քամված
ու անհոգի ձեւով ինքն էլ գիտի քամել…
արի գոնե տեւենք
մի կում կարոտի չափով,
որ հագեցնելու համար չէ բնավ,
այլ, որ չխեղդվես…
իսկ մինչ այդ ես կտեղավորեմ
իմ կորցրածի շատությունը
քո մի ափ քչության մեջ…