Զոզ Հովսեփյան -«Երանի»

ես շարունակ գրում եմ,
որ գոնե այդպես պահեմ քեզ տողերումս…
կողքիս…
ինձ համար…
եւ ինձ հակառակ…
որովհետեւ սեւակյան այն հինգերորդ եղանակի նման
էդպես էլ չիրականացար ինձ համար,
որովհետեւ աստղ ընկնելիս ուրիշ մեկն էր քեզ պահել իր մտքում,
որովհետեւ սեւաչյա գնչուհին
ուրիշի ափում էր քեզ գուշակել,
որովհետեւ եղելություն էիր ուրիշ հեքիաթում,
իզուր նախախնամությանը չեմ հավատում։
Ու հորինեցի քեզ
ինչ-որ չեղած իրականության մեջ,
ինչպես Մոդիլիանին անմահացրեց իր Ժաննին.
ես վարվեցի նրա պես,
բայց ընդամենը սահմանափակեցի անսահմանությունդ,
փորձեցի որոշել՝
ինչ գույն ունի աչքերիդ երազը,
փորձեցի տալ քեզ անուն,
քեզ՝ անանունիդ,
հիմա ինձ թվում է՝
օտարներն անգամ, ինձ կարդալով,
առանց իմանալու՝ ճանաչում են քեզ,
օտարներն անգամ փնտրում են քեզ այնտեղ,
ուր ես եմ իմը կորցրել ,
օտարներն անգամ սիրում են քեզ
հենց նույն իմ սիրով,
դու բաԺանեցիր ինձնից ինձ՝
առանց մնացորդի…
առանց համրիչի…
հենց այնպես՝ մտքում…
որ նույնիսկ ես չմնամ իմը,
որ ամեն բան քեզ պատկանի
ու… երանի …
երանի քեզ,
որ այսքան կարոտվում ես…
երանի քեզ,
որ չես լքվելու այսպես՝ կիսատ…
երանի քեզ,
որ այսքան ինքդ քոնն ես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ