
Կախվի՛ր ինձ հետ ամենաբարձրահարկ պատշգամբից.
Ուզում եմ համոզվել, որ գլխապտույտս քեզնից է։
*
Քեզ կատարելագործելը
Կատարյալ գործ կլիներ։
Շատ բացթողումներ ունես,
Բա՛ց թող։
*
Եվ գիտե՞ս,
Ես չգտա մեր միջև եղած անհայտը․
Սխալը պահանջից էր.
Առանց սևագրելու էինք մեր անունները բազմապատկել իրար։
*
Իմ ստեղծած քաղաքում դու չկաս։
Ո՛չ քաղածդ ծաղիկները ձեռքիդ բռնածն ես,
Ո՛չ էլ դրա համար ժապավեն կապողը։
Դու ծաղիկներ չսիրեցիր…
Ի՛մ ստեղծած քաղաքում
Դու․․․
Չկա՜ս։
Ո՛չ աստղերը հաշվողն ես,
Ո՛չ էլ ընկնելուն սպասողը։
Համբերություն չունես…
Ի՛մ ստեղծած քաղաքում
Դու․․․
Չկա՜ս։
Ո՛չ ուսիս խփողն ես,
Ո՛չ էլ ինձ իրականությունից կտրողը։
Ի՛մ ստեղծած քաղաքում
Դու․․․
Չկա՜ս.
Լուսացույցները կանգնած են,
Փողոցներն էլ քո կողմ չեն նայում։
*
Քեզ մի օր կպատմեմ՝
Ինչպես է քաղաքը արթնանում ժամը 6-ին։
Մի օր կպատմեմ, որ օրորոցային երգող քաղաքը քնել է քո մեջ։
Օրերս չեն բացվում,
Արթնացի՛ր։