Ես իմ հոգնած երազների վրայից հերթով հանում եմ նրանց մաշված զգեստները: Մերկ խաչափայտեր եմ շարում նրանց վրա:
Կրակի տաք բոցերի մեջ երազներս վերջապես կփրկվեն իմ սառը ներսից…
Վերջ…
Գիտե՞ս վերջում հասա այնտեղ, որտեղից ոմանք սկսում են ապրել նորովի ու երազներ ունենալ նորանոր…
Հիմա իմ ներսում հույսերից ու երազներից մնացած փշուրներ են միայն, սնդիկի շաղ եկած գնդիկներ, որոնք չեն գտնելու իրար, չեն կպչելու, ու սիրտս իզուր է իր ուշացած ճիչերի արձագանքները փնտրում դատարկ օդի մեջ:
Իսկ ինձնից դուրս՝ այնտեղ ՝ աղմկոտ քաղաքում, ինչ- որ մեկն էլեկտրասյուներից պաստառներ է կախել, որտեղ մարդիկ արհեստական ժպիտներով ու չարչրկված լոզունգներով իրենց սերն են գովազդում…
Այնտեղ` աղմկոտ քաղաքում, հիմա սիրո մասին հեքիաթ են պատմում ու սեր շաղախում ամեն անիմաստ բանից…
Մտքերս քրտնել են շոգից, արևը գլխներին խփած գառների պես փախել են անտառների կանաչից ու փռվել են ամեն մեկը մի անկյունում…
Ինչ-որ կարևոր մեկը մոռացել է բաց թողնի ծորակը…
Ծորակի տակ մնացած կաթսայի սրտից ծարավի գոլորշիներ են բարձրանում…
Ետևում մնացած կիսատ մտքերս ինձ թույլ չեն տալիս առաջ շարժվել, բայց ես համառորեն առաջ եմ գնում դանդաղ ՝ վերադառնալու խոստումով…
Ննջող օրվա մենության մեջ ինչ- որ անմարմին գոյություն իր տխուր վախճանն է տոնում իմ ներսում, բայց ես դեռ, հասկանո՞ւմ ես, շարունակում եմ ապրել Սկիզբների մեջ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ