
– Ողջույն, ի՞նչ է սերը, ի՞նչ արժեք ունի այն։
– Ողջույն, յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունի սիրո կարիք։ Սիրո առաջին դրսևորումը ստանում ենք ամենահարազատ մարդուց՝ մորից, այնուհետև կյանքի ընթացքում ճաշակում ենք բազում սերեր։ Սակայն գալիս է տարիք, որ ցանկանում ես վայելել այդ անբացատրելի և ինձ համար յուրօրինակ զգացումը՝ քեզ համար անծանոթ, բայց միևնույն ժամանակ ամենամտերիմ մարդուց։ Իրական սերը ինձ համար չունի բացատրություն և սահմանում, այն ինձ ստիպում է սավառնել երկնքում, զգալ ուժեղ և նպատակասլաց, միևնույն ժամանակ սերը դարձնում է խոցելի։
– Ի՞նչ սկզբունքներ ունեք, ինչպիսի՞ մարդկանց հետ եք շփում հաստատում։
– Առհասարակ սիրում եմ շփվել տարբեր մարդկանց հետ։ Հնարավորության դեպքում փորձում եմ բացահայտել մարդկային տարբեր հատկանիշներ, որոնք նաև օգնում են բացահայտել ինքս ինձ։ Շփման մեջ փորձում եմ լինել բաց և անմիջական։ Բնականաբար կան այնպիսի հատկանիշներ, որոնք առավել արժեքավոր են ինձ համար։ Դրանք են՝ մարդասիրությունը, ընկերասիրությունը, բարությունը և առատաձեռնությունը։
– Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը, ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը։
– Երբևէ չեմ մտածել կյանքի կարգախոս ունենալու մասին։ Ես առաջնորդվում եմ զգացմունքներով, չնայած երբեմն որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է լինում մի կողմ թողնել զգացմունքները։ Ես ինձ չեմ համարում հռետոր՝ կոչ անելու հայ հասարակությանը, սակայն լինելով հայ հասարակության և երիտասարդության մի մասնիկը, կցանկանայի շեշտել այն փաստը, որ մարդիկ օտարվել են միմյանցից, դադարել են սիրել և հոգ տանել միմյանց մասին։ Միգուցե մեզ այսպիսին դարձրեց պատերազմը, համաճարակը կամ գուցե այլ հանգամանքներ, բայց պետք է սիրել միմյանց, փորձել հասկանալ և աջակցել դիմացինիդ։
– Ի՞նչ է հավատարմությունը, կա արդյո՞ք այդ հասկացությունը մարդկության համար։
– Հավատարմությունը ինձ մոտ ասոցացվում է նվիրվածության, վստահության և փոխադարձ հասկացության հետ։ Հավատարմությունը և սերը ըստ ինձ գտնվում են միևնույն հարթության վրա, չի կարող լինել մեկը առանց մյուսի։ Հավատարմությունը հանդիսանում է սիրո դրսևորումը։ Այս հատկանիշը լինում է բնածին, այն կամ լինում է, կամ՝ ոչ։ Իհարկե մարդկության մեջ գույություն ունի այդ հասկացությունը և ինձ համար դրա ամենավառ դրսևորումը մայրական հավատարմությունն ու սերն է։
– Ո՞րը կլինի այն առաջնային պատգամը, որը կտաք Ձեր երեխային։
– Հարցը անսպասելի էր, սակայն իմաստավորված։ Դեռևս չլինելով ծնող, շատ անգամներ եմ մտածել երեխաների ճիշտ դաստիարակության մասին։ Մեր հայկական մտածելակերպում ծնող-երեխա կապը բավականին ամուր է և հիմնված՝ փոխադարձ սիրո վրա։ Դաստիարակությունը սկսվում է դեռևս ներանգանդային կյանքից և ծնողը երեխայի կյանքի առաջին ժամերից ստանձնում է պատասխանատվություն նրա դաստիարակության և արաժանապատիվ կյանք ունենալու մասին։ Թերևս լինելով ապագա ծնող, ես կպատգամեի իմ երեխային լինել բարի, սիրել և գնահատել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը և իմ քայլերով կփորձեի երկրիս նվիրել արժանապատիվ մարդ և հայրենասեր զավակ։