Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա։ Քաղաքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ։

  • Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 13-րդն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
  • Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։
  • Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։
  • Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն։
  • Ժամային գոտի՝ UTC+4
  • Հեռախոսային կոդ՝ +374 (10), +374 (60) +374 (11)
  • Փոստային ինդեքսներ՝ 0001-0099

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երևանում կան բազմաթիվ տուն-թանգարաններ։ Օրինակ՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968թ.), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են Օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:

Մատենադարան

Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաև համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները:

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 40 մետր բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ, և դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևանի գլխավոր հրապարակն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով`1926 թվականին և իր մեջ ներառում է հետևյալ շենքերը`
Հայաստանի պատմության թանգարանը,
ՀՀ կառավարության շենքը,
ՀՀ կենտրոնական փոստի շենքը,
Հյուրանոց «Մարիոթ Արմենիա»,
Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարությունները:
Հրապարակի օվալաձև մասը զարդարված է գեղեցիկ խճանկարներով, իսկ պատմության թանգարանի առաջ գտնվում են հանրահայտ «երգող շատրվանները»:

Էրեբունի թանգարան

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Կասկադ

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝ Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերայի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ