
Երկու շաբաթ Համահայկական 7-րդ ամառային խաղերը միավորեցին Հայաստանի, Արցախի և սփյուռքի մարզիկներին: Աշխարհի 145 երկրի մոտ 5000 մարզիկ վիճարկեցին մեդալների 150 հավաքածուն:
Երևանի Ազատության հրապարակում այսօր կայացավ Համահայկական խաղերի փակման արարողությունը:
Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի կազմակերպչական գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվել է Համաշխարհային կոմիտեի Պատվո նշան շքանշանով:
Բացի խաղարկված մեդալներից, սահմանվել են նաև մերձսպորտային անհատական մրցանակներ, որոնք մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի խոսքով ևս շատ կարևոր են: Մրցանակները մասնակիցներին է հանձնել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համահայկական խաղերի գեղեցկուհի է ճանաչվել վոլեյբոլիստուհի Աննա Թունյանը Ռոստովից:
Լավագույն մարզական պատվիրակություն է ճանաչվել ՌԴ-ի պատվիրակությունը, որը խաղերին ներկայացված է եղել ամենամեծ խմբով՝ 13 քաղաքի 389 մասնակից:
Արդարացի խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Սիրիայի Հալեպ քաղաքի բասկետբոլի աղջիկների թիմը:
Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի պատվիրակությունը Նազարեթ Դերեջյանի գլխավորությամբ:
Իսկ Կարգապահություն և մարզական ոգի անվանակարգում հաղթող է ճանաչվել Ավստրիայի Վիեննա քաղաքի պատվիրակությունը:
Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ սահմանվել է նաև լավագույն քաղաք անվանակարգը, որում միանգամից երկու հաղթող է ճանաչվել՝ ՀՀ Էջմիածին և Ավստրալիայի Սիդնեյ քաղաքները:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ 14 օր Հայաստանն ու Արցախը վայելել են Համահայկական խաղերը.
«Բացման արարողությունից մինչև փակման արարողություն Համահայկական խաղերը մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս: Մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու գերագույն հաճույքը, քանի որ այսպիսով արձանագրում ենք, որ որպես ազգ, որպես ժողովուրդ՝ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում:
Փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին:
Այնուհետև, Օլիմպիական չեմպիոններ Հրաչյա Պետիկյանն ու Իսրայել Միլիտոսյանը իջեցրել են խաղերի դրոշը, մարվել է նաև ջահը՝ ազդարարարելով Համահայկական 7-րդ ամառային խաղերի փակումը:
Աղբյուրը ՝ Armsport.am