Յանա Գրիգորյան – «Այս է կյանքը»

Մեզնից յուրաքանչյուր ոք ինչ-որ տարիքում ունենում է փափագ,նպատակ և գուցե՞ երազանք։ Գաղտնի թե ակամա, յուրքանչյուրս էլ երազում ենք ու կապ չունի, թե ինչի մասին ենք երազում։ Երազում ենք մանկան նման, անկեղծ սրտով,  մաքուր հոգով ու օրերից մի օր ցանկություն է առաջանում էլ չերազել, այլ իրականացնել մեր սրտում պահված ցանկությունը։ Անկեղծ երազել նշանակում է ցանկանալ ինչ֊որ մի նպատակ իր գագաթնակետին հասցնել։ Շատերը երազում են, բայց երբեք ցույց չեն տալիս, թե նրանց սրտում կամ հոգու խորքում ինչ է պահված։ Մարդիկ կան, որ իրենց մուրազին հասնելու համար պայքարում են ամիսներով,տարիներով , բայց չեն հասնում ու այպես էլ մնում է երազանք, սակայն ցավոտ է, երբ ինչ-որ մեկը առանց պայքարելու հասնում է քո երազանքին ու այն էլ այն երազանքիդ, որին հասնելու համար պատրաստ էիր ամեն ինչի, որպեսզի նպատակդ կյանքի կոչես։ Այո, դժվար է կյանքը, բայց չարժե հիասթափվել, հուսահատվել ու մտածել, թե կյանքն անիմաստ է դարձել։

Այո՛, կյանքն անիմաստ է, երբ չունես երազանք, քանի որ եթե չունես երազանք, այդ դեպքում դու չես պայքարում, չես փորձում կյանքում ինչ-որ բանի հասնել ու կյանքդ ապրում ես շատ հեշտ, առանց որևէ դժվարության։ Համաձայն եմ, որ հաճախ կյանքը մեզ հետ դաժան և սխալ է վարվում,բայց ոչ սիրելիս, դու չպիտի հույսդ կորցնես ու դադարես առաջ գնալ։ Չէ՞ որ կյանքը կանգ առնել ու սպասել չի սիրում, ինչպես որ գնացքը։ Հաճախ դու ես կանգնում ու չես հասցնում քայլել կյանքի հետ հավասար ուղիով, իսկ երբեմն էլ քո մեջ, քո սրտում ապրող կյանքն է կարծես իր իմաստը կորցնում։ Ոչ, ես չեմ վախենում հանդիպել փորձությունների, քանի որ ամեն անգամ, երբ հանդիպում եմ մի նոր խոչընդոտի, ավելի ուժեղ ու փորձառու եմ դառնում, իսկ ում կյանքը հեշտ է, եթե նա հանկարծ հանդիպի ինչ-որ դժվարության, անմիջապես կտապալվի։

Կյանքը պայքար է ու դու պարտավոր ես պայքարել։ Ամեն անգամ, երբ պարտությունից հետո հիասթափվես ու հուսալքվես , ապա դու կյանքում ինչ-որ բանի կհասնե՞ս։ Ոչ, այպես չի լինում։ Դու քո կանոնները հաճախ չես կարող կիրառել կյանքում։ Երբեմն կյանքն է թելադրում իր կանոնները ու ես դա զգացել եմ և կյանքում,և կյանքից դուրս մի ուրիշ ոլորտում։ Օրինակ՝ շախմատում, հաճախ դու ինքդ ստիպված ես լինում կատարել այնպիսի քայլեր, որոնք չես ցանկանում։ Նույնիսկ խաղում քեզ տրվում է ժամանակ ճիշտ քայլեր կատարելու կամ սխալ արված քայլերդ ուղղելու համար, բայց երբ սխալվում ես և սխալդ չես ուղղում, չի տրվում երկրորդ հնարավորություն, ինչպես որ կյանքում է։

Կյանքն էլ նման է խաղի, խաղացողների դերում հանդես են գալիս մարդիկ և այո՛, կյանքն էլ ունի բեմ, որտեղ կան շատ լուրջ դերասաններ։ Խոսքս թատրոնի մասին չէ, այլ ավելի լուրջ դերասանների ի նկատի ունեմ։ Պարտությունը ունի և իր լավ, և իր վատ կողմերը։ Հաճախ երբ պարտվում ես , ավելի ես ոգեշնչվում ու ցանկանում հաղթել կամ էլ մտածում ես, որ ամեն ինչ անիմաստ է և կորած, բայց ո՛չ։

Եթե տերը քեզ թույլ է տալիս երազել մեծ բաների մասին, ուրեմն նա քո մեջ այդ ուժը ևս տեսնում է։ Եթե նա իմանար, որ դու չես կարող հասնել քո երազանքին, ապա նա քո սրտում չէր դնի այդ փափագը։ Երազե՛ք մարդիկ, ու եթե անգամ ձեր երազանքն իրականություն չի դառնում, ուրեմն նույնը մի ցանկացեք մեկ ուրիշին։

Գիտե՞ս , ինչ լավ զգացմունք ես ունենում, երբ իրականացնում ես դիմացինիդ երազանքը ու դառնում նրա երջանկության մի մասնիկը, բայց միշտ չէ, որ այդպես է լինում, հաճախ մարդիկ ուղղակի չեն գնահատում։ Այո՛, փողով կարող ես գնել ամեն ինչ, բայց հարգանք, պատիվ, երջանկություն կարո՞ղ ես արդյոք։ Ո՛չ, չե՛ս կարող, քանի որ դրանք անգին են և չեն վաճառվում։ Եղի՛ր բարեսիրտ, դիմացինիդ պարգևիր ժպիտ, եթե ցած է ընկնում, օգնիր վեր բարձրանալ։

Կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Կյանքի օրենքն է այդպես։ Լավ արածներդ էլ, վատ արածներդ էլ մի օր վերադառնում են քեզ։ Գնահատեք այսօր, քանի որ հետո կարող է ուշ լինել։ Գնահատեք, որ գնահատվեք։ Ինչքան էլ կյանքը քեզ շատ ցավոտ հարվածներ է հասցնում, միևնույն է շարժվիր առաջ և կյանքին նայիր իրական աչքերով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ