
Խառնվածքը (լատ. temperamentum – չափսերի համապատասխան հարաբերություն) շատ,թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։
Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։
Սանգվինիկը հոգեբանական բարձր ակտիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են: Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում։ Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը:
Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։
Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ: Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում: Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:
Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ։ Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են։