Բարի օր հարգելի ընկերներ, այսօր կխոսեմ մի ցավոտ թեմայի մասին:
Ընդունված է կարծել, որ խանդը մեծ սիրո ապացույց է:
Իրականում՝ խանդը նախ և առաջ տագնապային զգացողություն է, որի ժամանակ անձը վախենում է կորցնել իր սիրո օբյեկտին, որին կարող են խլել այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով նրան կարող են հետաքրքրել:
Խանդը մի զգացողութուն է, որի ժամանակ լինում է ընդգծված անհանգիստ վիճակ այն մտքից կամ փաստից, որ որևէ մեկը կարող է գրավել ձեր տեղը:
Ընդհանուր առմամբ խանդը ուղիղ կապ ունի այլոց ղեկավարելու մոլուցքի հետ:
Ինչքան շատ ես խանդում այդքան ավելի շատ ես ցանկանում ղեկավարել այն օբյեկտին, որի հետ կապված ես, այստեղ միտումնավոր չեմ նշում՝ «սիրո օբյեկտի», որովհետև խանդը և սերը միմյանց հետ մեծ հաշվով կապ չունեն:
Որոշ դեպքերում խանդը և նախանձը շատ դժվար է լինում տարբերակել:
Օրինակ մեծ է հավանականությունը, որ ցածրահասակ տղամարդը կխանդի այն ժամանակ, երբ իր սիրելիի կողքին տեսնի իրենից ավելի բարձրահասակին:
Խանդը հեշտությամբ ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ անձին գերազանցում են որևէ հատկանիշներով:
Խանդը առավել վառ արտահայտված է սեփականատիրական կողմնորոշմամբ անձանց մոտ: Ըստ վիճակագրության, հիմնականում հենց այս տիպի մարդիկ են լինում դավաճանողները և այդ կապակցությամբ էլ սիրում են շռնդալից կերպով կասկածել կամ մեղադրել կողակցին նույն արարքի մեջ:
Վերջին հաշվով, սեփական մեղքի զգացողությունը մեղմելու ֆոնին, այս մարդիկ մշտապես եռանդով փնտրում են խնդրահարույց իրավիճակներ՝ խանդելու պատճառ ունենալու համար, կարող են նաև հանգամանքները այնպես դասավորել, որ կողակցին կասկածեն այս կամ այն հանցանքի մեջ, ողջ իմաստը կայանում է նրանում, որ այս մեթոդով վերը նշված անձինք փորձում են հաշտվել սեփական մեղքի զգացողության կամ խղճի հետ:
Հաճախ այն ընտանիքներում, որտեղ ապրել են այս բացասական փորձը, առկա է նեգատիվ տրամադրվածություն դեպի պոտենցյալ կողակիցը և սցենարը կարող է կրկնվել վերջիններիս երեխաների հասուն կյանքի ընթացքում: Այս տիպի ընտանիքում մեծացած անձը ունենալով նույնիսկ խիստ հավատարիմ կողակից, կարող է ենթագիտակցորեն խանդի պատճառներ փնտրել, իր ծնողների օրինակը աչքի տակ ունենալու հիմքով, իսկ խանդելու դիրքորոշմամբ անձը հաճախ է գտնում հնարավորություն համոզվելու դրանում:
Խանդը հաղթահարելու մեթոդներից մեկը սեփական ինքնագնահատականով զբաղվելն է, ավելի ինքնավստահ դառնալը և սեփական անձը մշտապես այլոց հետ համեմատելու երևույթը դադարեցնելը:
Ցանկացած հասուն մարդ հասկանում է մի պարզ կանոն, որ կարելի է սիրել առանց այդ հիմքով խեղդելու, որ կարելի է կապվել կողակցին՝ առանց նրա պարանոցից կախվելու, որ կարելի է գնահատել վերջինիս՝ առանց սեփական անձը էժանաբար որակազրկելու:
Խիստ ողջունվում է առաջին հերթին՝ սիրել սեփական անձը (սա չխառնել ինքնասիրահարված վիճակների հետ), երկրորդ հերթին՝ ընդունել սեփական եսը ու երբեք չմերժել, գտնել ինքդ քեզ և երբեք չկորցնել: Խախտելով նշված կանոնները ի հայտ է գալիս այս խնդիրը…
Աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.chelepyan/posts/2457190847675481