WICASTR` բովանդակության տարածում՝ առանց ինտերնետ կապի

WICASTR-ն ապահովում է տվյալների մշակում և բովանդակության (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր և այլն) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի։

Ստարտափի համահիմնադիր Արմին Սաիդիի խոսքով՝ ստարտափի հիմնադրման հիմքում ընկերոջն ուղղված պարզ հարցն էր՝ «Ի՞նչ անել, երբ չկա ինտերնետ»։ Հարցը քննարկել ու գիտակցել են, որ ինտերնետի բացակայության դեպքում դժվարանում է հաղորդակցությունը, կանգ են առնում շատ գործընթացներ ու տուժում աշխատանքներ։ Ստարտափի հիմնադիրներն իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ փորձել են գտնել հարցի պատասխանը՝ կատարելով տարբեր ուսումնասիրություններ ու փորձեր։ Երբ վերջապես գտել են այն, ներդրողներին երկար ժամամանակ դժվարացել են բացատրել՝ ինչպես են լուծում խնդիրը, մինչև կիրառելի է դարձել Edge computing եզրույթը։ Այսինքն՝ զբաղվել են մի բանով, որը չուներ անվանում և նոր էր հայտնվում շուկայում։

2013 թվականին հիմնադրում են ընկերությունը, 2014-ին ստանում ներդրում «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերությունից ու ստեղծում պրոդուկտը։ 2015 թվականին Հայաստանում հիմնում են ընկերության ներկայացուցչությունը՝ ինժեներական կազմով։ Հիմա հայաստանյան թիմը մեծացել է՝ ներգրավելով նաև մարքեթինգի ու հանրային կապերի ոլորտի մասնագետներ։

WICASTR SMART EDGE պլատֆորմը կազմված է երկու բաղադրիչից, ինչն էլ թույլ է տալիս, ի տարբերություն մրցակիցների, առաջարկել ամբողջական ու համապարփակ լուծում։ Առաջին՝ մեծ հիշողությամբ սարք, որը հանդես է գալիս որպես լոկալ սերվեր և նախատեսված է տվյալների վերլուծության և իրական ժամանակում բովանդակության տարածման համար։ Երկրորդ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը և թարմացնել բովանդակությունը:

Գոյություն ունի Cloud` աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գերհզոր սերվերներ, որոնք մշակում են համացանցում հայտնվող տվյալները։ Այսինքն՝ համացանցում կատարվող ցանկացած գործողություն հրամանի տեսքով հասնում է որևէ երկրում գտնվող կենտրոնացված սերվերի և նոր միայն վերադառնում մեզ: Որքան շատանում են այս հրամանները, այնքան մեծանում է դեպի սերվերներ գնացող տվյալների ծավալը, մինչդեռ Cloud-ի տարողունակությունը մնում է նույնը: Հիմա ավելանում են խելացի սարքավորումները, սենսորները, ռոբոտները, խելացի տները, ինքնավար մեքենաները, հետևաբար յուրաքանչյուր վայրկյանում գեներացվում են մեծ թվով տվյալներ, որոնք ուղարկվում են մշակման կենտրոնացված սերվերներ։ Դա նշանակում է, որ շուտով այս գործընթացների պատճառով ինտերնետը կդանդաղի, իսկ սպասման ժամանակը կավելանա. կապն այլևս հուսալի չի լինի։

WICASTR-ը ստեղծում է ավելի փոքր, լոկալ Cloud, որտեղ հավաքվում են տվյալները, մշակվում, իսկ հիմնական մեծ Cloud են բարձրանում միայն այն տվյալները, որոնք իրոք պետք է պահվեն այնտեղ, ինչի շնորհիվ էլ վերջինս թեթևանում է։ Այսինքն՝ WICASTR-ն իրականացնում է Edge computing՝ տվյալների մշակումը կատարվում է դիվերսիֆիկացված եղանակով՝ լոկալ սերվերների միջոցով։ Այն ապահովում է տվյալ վայրում ստեղծվող տվյալները ներկա ժամանակում արագ վերլուծելու հնարավորություն՝ անկախ հիմնական Cloud-ի ենթակառուցվածքներից։

WICASTR-ը ոչ թե փոխարինում է հիմնական Cloud-ին, այլ լրացնում է դրա ունեցած բոլոր սահմանափակումները։ Ինչպես նշում է Արմինը՝ ժամանակին հեռախոսները միայն զանգ կատարելու համար էին, իսկ հիմա կան խելացի հեռախոսներ, որտեղ կարելի է ներբեռնել բազմաթիվ հավելվածներ ու տարբեր գործողություններ կատարել։ Ավելի խելացի կարող են դառնալ նաև WiFi տարածող սարքերն ու երթուղղիչները։ Կարող են լինել ավելի օգտակար՝ մատուցելով նոր ծառայություններ։ Հենց այս զարգացմանն էլ նպաստելով՝ WICASTR-ի տրամադրած սարքն ու ծառայությունը լուծում են ինչպես լոկալ, այնպես էլ համընդհանուր խնդիրներ։

Աղբյուր`  hetq.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ