
Ղուրանը մահմեդականների սուրբ գիրքն է: Այն Ալլահի (Աստծու) պատգամների ամբողջությունն է, որը տրվել է մահմեդականության (իսլամ) հիմնադիր Մահմեդին (Մուհամմեդ):
Ղուրանը մահմեդականների և իսլամ կրոնի սուրբ գիրքը: Մահմեդականները հավատում են, որ Ղուրանը Աստծո` Ալլահի կողմից մարդկությանը տրված ձեռնարկ է, Աստծո խոսքը և վերջին երկնային հայտնության գիրքը: Ղուրանը, հաստատելով նախորդ սուրբ գրքերի ճշմարտացիությունը, հիմնվելով նրանց վրա, միաժամանակ վերացնում է դրանց դրույթները և հաստատում է վերջին և ամենակատարյալ երկնային օրենսդրությունը:
Ղուրանը գրի է առնվել Մուհամմադ մարգարեի խոսքերից նրա զինակիցների կողմից: Մահմեդականները հավատում են, որ Ղուրանի տեքստի փոխանցումը Աստծո կողմից Մուհամմադին կատարվել է Ջեբրայիլ հրեշտակի միջոցով և տևել է 23 տարի: Առաջին հայտնությունը Մուհհամադը ստացել է 40 տարեկան հասակում Ռամադան ամսի «նախախնամության գիշերը»:

Ղուրանը, հակառակ աստվածաբանների արգելքներին, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Արաբերենից առաջին անգամ հայերեն թարգմանել է Ստեփանոս Լեհացին XVII դարում (ձեռագիրը պահվում է Մատենադարանում), 1909 թ-ին Ղուրանը լույս է տեսել Աբրահամ Ամիրխանյանցի թարգմանությամբ (վերահրատարակվել է 1910 թ-ին), 2006 թ-ին՝ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ՝ պարսկերենից: