
Իսպանացի սննդաբանը ներկայացրել է 7 մթերք, որոնք կօգնեն այրել ճարպերն ու զարգացնել մկանները
Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ ու երկարատև լինել, սակայն իսպանացի սննդաբան Գիլյերմո Գոմես Վերան ներկայացրել է ցանկալի արդյունքին հասնելու մի շատ պարզ միջոց: Ինչպես գրում է medikforum.ru կայքը՝ հղում անելով La Vanguardia-ին, մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգը հարստացնել որոշակի մթերքով, որը ոչ միայն կօգնի այրել ճարպերը, այլև կնպաստի մկանային հյուսվածքների ամրապնդմանն ու զարգացմանը:
Սննդաբանի խոսքով՝ ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու անվնաս միջոցը մկանային զանգվածի ամրապնդումն ու զարգացումն է: Ըստ մասնագետի՝ նիհարելու գործընթացը պետք է անպայման ընթանա երկու փուլով. նախ հարկավոր է մի քանի շաբաթ շարունակ ջանքեր գործադրել մկանային հյուսվածքների զարգացման համար, այնուհետև միայն սկսել աշխատել ճարպային հյուսվածքների այրման ուղղությամբ: Սննդաբանը վստահ է, որ այս մարտավարությունը թույլ կտա հասնել շատ ավելի զգալի արդյունքի:
Մկանային զանգվածի զարգացման ու ավելացման համար սննդաբանը խորհուրդ է տալիս վերանայել սննդակարգն ու հարստացնել այն որոշակի մթերքով, այդ թվում՝ հավկիթով:
«Ձվի սպիտակուցը մկանները սնուցելու համար լավագույն մթերքն է: Բացի այդ, հավկիթը պարունակում է լեյցին՝ ամինաթթու, որն ակտիվացնում է մկանային հյուսվածքների աճի մեխանիզմը», – բացատրում է իսպանացի մասնագետը:
Նրա խոսքով՝ մկանների ամրապնդման համար շատ արդյունավետ կարող է լինել նաև հավի անյուղ միսի, լոբազգիների, ավոկադոյի, թյունոսի ու բնական կաթնաթթվային յոգուրտի գործածությունը: Բացի այդ, ճարպերի այրման գործընթացն էլ ավելի ակտիվացնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մարզումներից առաջ բանան ուտել, ինչը և՛ համեղ է, և՛ օգտակար:
Աղբյուր՝ tert.am