
Թատրոնը ինձ համար շինություն կամ պատմություն չէ, այլ մարդու տեսակ է / Վրեժ Սարգսյան
– Ի՞նչ է թատրոնը արվեստագետի աչքերով: Ինչպիսի՞ զգացողություններ ունե՞ք:
– Թատրոնը ինձ համար շինություն կամ պատմություն չէ, այլ մարդու տեսակ է: Բնավորությու՞ն ասեմ, արժե՞ք ասեմ, թատրոնը չես ասի այստե՞ղ է, թե՞ այնտեղ: Այն ծնվում է մարդկային հատկանիշներից և արտացոլվում բեմում: Իսկ իմ զգացողություններն ավելի շատ հիմա հուզական են, ես կարոտել եմ բեմը: Եվ այդ կարոտը ամեն օր սեղմում է իմ կոկորդը:
– Ինչպե՞ս է ստեղծվում կապը հանդիսատեսի և դերասանի միջև:
– Հանդիսատեսի և դերասանի կապը ստեղծվում է ներկայացման ասելիքին համապատասխան էներգետիկայով, երբ բեմում հանդիսատեսը տեսնում է իրեն կյանքից դրվանգներ կամ իրեն բնավորությամբ համապատասխանող կերպաներ: Առհասարակ թատրոնն այն վայրն է, որտեղ դու կարող ես գտնել ինքդ քեզ: Սա է կապ ստեղծող գլխավոր հենասյունը:
– Արդյո՞ք հեռուստատեսությունը կարող է ավելի լավ ներկայացնել իրավիճակներն ու պատմությունները, քան թատրոնը:
– Հեռուստաստեսությունը ավելի լայն լսարան ունի, ավելի մեծ ֆինանսներ, ավելի մեծ ռեսուրսներ, բայց արի ու տես, որ մեր երկրում հեռուստատեսությունը մեղմ ասած խայտառակ վիճակում է: Թեև վերջին տարիների համեմատ կա դրական աճ, բայց դա անբավարար է ինձ համար: Իսկ այ թատրոնը ավելի քիչ հնարավորություններով, ավելի բարձրակարգ պրոդուկտներ է ստեղծում: Առհասարակ Հայաստանում կա 2 թատրոն, որոնք ինձ համար աշխարհի լավագույն թատրոններից են: Կինոյից էլ եկեք չխոսեմ, թող իմ լռությունը արտահայտի իմ բացասական մոտեցումը ժամանակակից հայ ֆիլմերի նկատմամբ: Մենք համաշխարհային կինոյի մակարդակով գաճաճ պետություն ենք, իսկ թատրոնի առումով շատ երկրներ մեզնից սովորելու բաներ ունեն:
– Ի՞նչպիսին էր ծնողներիդ արձագանքը, երբ իմացան Ձեր միջազգային մրցույթի հաղթող լինելու փաստը:
– Ճիշտն ասած մերոնք դեմ էին,որ գնամ Վրաստան, քանի որ համավարակ էր, բայց ես չենթարկվող տեսակ եմ էությամբ, ուստի մեկնեցի Ռուսթավի, երբ հաղթեցի շատ շնորհավորանքներ ստացա: Իսկ ծնողներիս ոգևորությանը չափ և սահման չկար: Արվեստի հետ կապ չունեցող ընկերներս միայն այդքան ոգևորված չէին: Մնացածն այնքան ուրախ էին, որ շատերի մոտ գլխացավ կար, քանի որ անսպասելի էր: Հատուկ շնորհակալություն եմ ուզում Հայտնել գյումրեցի Կատյա Աթոյանին, ով օգնեց Վրաստան մեկնելու հարցում:
– Ի՞նչ կարծիքի ես ներկայիս վիճակի և արվեստի մեջ հասարակության ներգրավվածության մասին:
– Կարծում եմ արվեստում պիտի ներգրավված լինեն Աստծո կողմից Շնորհ ունեցող մարդիկ: Իսկ եթե ներգրավվեն բոլորը, ապա քաոս կառաջանա: Հասարակության գործը ներառվելը չէ, այլ վերցնելն է այն, ինչը տալիս է արվեստը: Եթե բոլոը ներգրավվեն արվեստի մեջ, ապա քաոսն անխուսափելի է:
– Ի՞նչն է պակասում, որպեսզի շատ երիտասարդներ այցելեն թատրոն և ցանկանան հետագայում այնտեղ զարմացնել հանդիսատեսին իրենց տաղանդով:
– Ըստ իս նախ գիտելիքի պակասը, սխալ անձնային աճը, սխալ դաստերակությունն է խանգարում: Չնայած Գյումրիում այդպես չէ ամենևին, բայց մնացյալ քաղաքներում էդպես է: Թող բոլորը գիտակցեն, որ ոչ ոք չի պատրաստվում ծնկի գալ և աղի արտասուք թափելով աղերսել, որ մարդիկ թատրոն գնան: Թող ոչ մի թատրոն չսիրող մարդ (իր նախասիրությունների պատճառով) մեղքը չբարդի թատրոնների վրա: Չէ՞ որ մենք շատ ենք սիրում, երբ մեզ շատ են խնդրում:
– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:
– Սիրելի հայ հասարակություն եկեք հիշենք, որ ուրիշի դժբախտությունը մեր երջանկությունը չէ, ուրիշի երջանկությունը մեր դժբախտությունը չէ: Եթե սկսենք ուրախանալ ուրիշի երջանկությամբ` «Տխրել ուրիշի ցավով», կդառնանք դրախտավայր աշխարհում: