
Իմ պառավ
Լռությունն է պատել մեր հոգիները, հիշողություններն են մեզ գրկել, և ես սավառնում եմ մեր հիշողությունների անտառներում:
Հիշու՞մ ես, իմ պառավ, մեր այն գաղտնի և թախծոտ անտառը, որի ծառերին մագլցում էիր քո գեղեցիկ և ճարպիկ մարմնով, իսկ ես, քո նոթատետրը ձեռքիս, քեզնով հիացած, զմայլվում էի քո ազատությամբ: Չեմ մոռացել, թե ինչպես այն ժամանակ, երբ վայելում էինք մեկմեկու ներկայությունը, դու ինձ խնդրեցիր նկարել քեզ, իսկ ես ասացի.
«Նկարել չգիտեմ»:
Թախիծ երևաց քո աչքերում, այդ բառերը կարծես քեզ համար մահախոսական լինեին,որից նեղսրտած՝ աչքերդ դարձան ավելի խոր և հասուն: Դու հեռացար անբառ՝ թողնելով իմ սրտում քո անկատար անուրջն ու հիասթափությունը: Ինչու՞ ես նկարել չսովորեցի։ Անիծում էի ինձ և նյարդերից շղթայված աչքերս քեզ իրենց ներսում նկարեցին որպես մի հավիտենական ճնճղուկ, որը սակայն տկար էր արդեն: Քո դեմքի կնճիռները, քո սրտի վերքերը և քո աչքերի արտասուքը հիմա բանտել են ինձ՝ իբրև մի ըմբոստ սիրահարի, որն իր մահապատժին էր սպասում: Իսկ դու լռեցիր, իմ պառավ, դու չասացիր անգամ գեթ մեկ տառ, իսկ ես հորինեցի բառերդ՝ իբրև ապաշնորհ մի պոետ: Ես դրանցում գտա քո անավարտ երազը և իմ դանակը, որով խոցեցի սիրտդ ասելով․
«Ես նկարել չգիտեմ»:
Ա՜խ, այդ արյունոտ դանակը, իմ պառավ, ինչպես եմ ուզում խրել սրտիս մեջ, որը, ավա՜ղ, զուտ բնազդաբար է զարկում: Իսկ հիմա ես տեսա քեզ մեր կյանքի մայրամուտում: Ների՛ր տկար ծերուկիս:
Գիտե՞ս՝ ես ուզում էի քեզ այդպես քնած նկարել, բայց հենց ցանկացա ձեռքս մատիտ վերցնել, տկար մարմինս անզոր եղավ, տկար ձեռքերս քարացան, իսկ ես քեզ նայեցի իբրև մի սիրահար պառավի արձան,որն անզոր էր արտահայտել իր ներսում եղած սիրային պոռթկումները : Իմ անզոր աչքերը կամաց-կամաց փակվում են և կանգնում քո շնչի հետ հավասար, իսկ դու, հազիվ վերջին անգամ բացելով աչքերդ, ինձ հետ քայլեցիր մահվան արահետում:
«Ա՜խ, իմ պառա՛վ ինչու՞ ես նկարել չսովորեցի»: