Իմ համոզմամբ մեդիա դաշտը օրենսդրական կարգավորման կարիք ունի / Վովա Հակոբյան

– Ի՞նչ եք կարծում հայկական մեդիայի զարգացման մասին, այն ո՞ր փուլում է, արդյո՞ք հայ հասարակությունը ստանում է օգտակար և արդի տեղեկատվություն:

– Հասարակությունը պետք է ինքը ֆիլտրի, որպեսզի կարողանա ինչ֊որ չափով օգտակար տեղեկատվություն ստանալ, բայց դաշտը այնպիսի վիճակում է, որ նույնիսկ բավական մեդիագրագետ մարդիկ երբեմն ապատեղեկատվության զոհ են դառնում։ Իմ համոզմամբ դաշտը օրենսդրական կարգավորման կարիք ունի։

– Մեդիադաշտը լցված է «սենսացիոն» լուրերով, արդյոք դա՞ է շատ դիտումներ ստանալու միակ տարբերակը: Եթե կայք ունենայիք ինչպե՞ս կվարեք այն, և ինչի՞ վրա ուշադրություն կդարձնեիք:

– Ինչքան էլ սենսացիոն լուրերը դիտվող են, այնուամենայնիվ ավելի բարձր վարկանիշ և վստահելիություն ունեն ստուգված լրատվություն տարածող լրատվամիջոցները։ Եթե կայք ունենայի հիմնական շեշտը կդնեի հետաքննողական լրատվության վրա, իսկ յութուբյան ալիքով կունենայինք հարցազրույցի ֆորմատով հաղորդում, բայց պրոֆեսիոնալ հարցազրուցավարով, ով ուղղակի ինչ-որ նախօրոք գրված հարցեր չէր տա, «պտիչկա» դնելու համար, այլ կոնկրետ որոշակի թեման բարձրացնելով հյուրից մաքսիմալը «կքամեր»:

– Ըստ Ձեզ ներկայիս մեդիան ազա՞տ է, թե այն աշխատում է պատվիրատուների կողմից:

– Մեծամասամբ սպասարկում են տերերի շահերը, ընդամենը մի քանի համեմատաբար ազատ լրատվականներ կան, որոնք փորձում են ներկայացնել իրողությունները, կամ ճիշտ կլինի ասել լրատվամիջոց են, մնացածները պրոպագանդայի գործիք են կամ ավելի վատ՝ հանրության շրջանում հստակ սուտ լուրեր տարածողներ, ես դրանց աղբատվականներ եմ անվանում։

– Իսկ ինչպե՞ս կարելի է վերահսկել մեդիան, ունե՞ք գաղափարներ որոնք կազդեն մեդիադաշտի բնականոն գործունեության վրա:

– Ըստ իս դա պետք է անի պետությունը՝ օրենքներով։ Առհասարակ, ամեն դեպքում խաղի կաննոները պետք է թելադրի պետությունը՝ հաշվի առնելով պետական և հանրային շահը։ Պետք է գծել որոշակի կանոններ և հետևել դրանց անվերապահ կատարմանը։ Իսկ թե ի՞նչ կանոններ, քննարկման թեմա է, ու պետք է որոշեն դաշտում գործունեություն ծավալողների ու մասնագետների հետ։

– Եթե Ձեր երեխան հետագայում աշխատի հենց մեդիա ոլորտում, ինչպիսի խորհուրդներ կտայիք նրան:

– Որ առաջին հերթին իրեն պրոֆեսիոնալ պահի, չտրվի գայթակղությանը մատուցելով չստուգված ու սենսացիոն լուր, որը կարող է մեծ հավանականությամբ սխալ լինել, լուրը չմատուցել մանիպուլատիվ վերնագրով, որը ընթերցողի մոտ՝ իրական ընթերցողի, ով նայելու է , կարդալու և հասկանալու, որ իրեն վերնագրով խաբել են, զզվանք չառաջանա լրատվամիջոցի ու լրագրողի հանդեպ, հնարավորինս լուրը տալ երկկողմանի՝ ճշտել երկու կամ մի քանի կողմերի կարծիքը, ներկայացնել դրանք ըստ էության: Դա միշտ կգնահատվի, թեկուզ որոշ ժամանակ հետո ու կգնահատվի ավելի բարձր, քան այդ պահին։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ