Ոսկանյան Արմինե – «Սիրանը»

Սիրանի փեշերը ծաղկավոր էին, գունեղ սիրուն ծաղիկներով զարդարված, որ կարծես դաշտում գործ անելիս կպել էին փեշերին ու ձուլվել կտորի հետ։ Ինքն էլ մի տեսակ վայրի, բայց բնությունից տրված կանացի քնքշությամբ, որ ձուլվել էր կենցաղի ու հոգսերի հետ ու Սիրանին դարձրել գյուղի ամենաաշխատող ու ճարպիկ «աղջիկ-տղամարդուն»։Աչքերի մեջ կրակ էր վառվում, հոգում մի անհնազանդ խլրտոց, թե բա մենակ իրան չհարգող մարդը էս սեզոնին չի աշխատի։
Առավոտ դեռ աքլորականչից առաջ նստեց անկողնում, առանց երազները հիշելու ու ճլմլվելու արագ հագնվեց, մի հպանցիկ հայացք ձգեց մուշ-մուշ քնած Անդիկին, հոգոց հանեց ու վազեց. մարգերում լուսնի լույսի տակ «սեր խաղացած» ելակներն արևածագի ամոթից կարմրել ու իրեն էին սպասում, հենց իրեն՝ սերը հոգու ամենամութ անկյունում թաքցրած Սիրանին…:
Դույլը վերցրած անցավ առաջին մարգով ու երբ մեջքն ուղղեց տեսավ իր հետ աշխատող կանանց, որ սուրճի համը դեռ բերաններում, իրար հետ քչփչալով մոտենում էին մարգերն:
– Աղջի՜ Սիրան,կրակ չուտե՜ս դու, չե՞ս թողնում մի կոֆեն հալալ խմենք:
– Հերիք խոսեք, գո՛րծ արեք, քթի տակ ասաց Սիրանն ու կռացավ մարգի վրա:
Էնպես կուզեր նստեր, սուրճ խմեր խոսեր դեսից-դենից, մի բան էլ ինքը պատմեր, բայց բառերն հաճախ էնքան անիմաստ են թվում՝ իր կյանքի նման:
17 պիտի դառնար այդ տարի, դպրոցը նոր էր ավարտել, գիշերը ցերեկ արած պարապում էր, որ ընդունվեր։ Արսենի հետ Երևան պիտի գնար, սովորեր, բայց ամենակարևորը Արսենի հետ: Հիմա էր մտածում, որ դա սեր էր, անմեղ, մաքուր իրենց գյուղի աղբյուրի նման …Արսենը…էէէէէէէէ՜՜՜՜՜՜՜:
Այդ երեկո իրենց տուն հյուրեր եկան, պապը, ով հազվադեպ էր իր թախտից վեր կենում, հենվել էր հնությունից ճաքած ձեռնափայտին ու սպասում էր, թե հյուրերը երբ պիտի տեղավորվեն։ Էդ չարաբաստիկ ձեռնափայտը, որից կախված էր իր ճակատագիրը…:
Էդ երեկո մոր լացին, իր աղերսին ոչ ոք ականջալուր չեղան, պապը ձենափայտը խփեց գետնին ու ասաց.”молчать, когда старший говорит”…
Ու լռեցին, ամեն մեկն իր հոգու մեջ խեղդվելով մի մարդկային զգացողություն լռեցին՝ պատերազմի թեհուբովով անցած պապու ձեռնափայտից վախեցած…
Ինքը ավտոմատից ու թնդանոթից չէր վախեցել, համա բոլորը իր ձեռնափայտից էին վախենում…:
Էդ գիշեր Սիրանը գողեգող դուրս եկավ, հևիհև հասավ Արսենենց տան մոտ ու մի պահ կանգնեց. «Ինչ պիտի ասի Արսենին»…
Մտքում քանի անգամ էր իր զգացմունքները գրքային, սիրուն բառերով շարադրել, բայց ինչ պիտի ասի Արսենին, ախր նա քաղաք պիտի գնա, ախր որոշել է պիտի ընդունվի…: Արսենենց այգում՝ մասրենու տակ, նստեց, մի լավ լաց եղավ ու տուն եկավ։ Սիրանն այդ օրը մասրենու տակ թողեց երազանքները՝ Արսենին, իր անմեղ սերը, ու հենց իրեն՝ Սիրանին ու գնաց դառնալու Անդիկի կինը, մի մեծ գերդաստանի հարս, որտեղ պիտի դառնար այն Սիրանը, որի համար օրը սկսվում ու ավարտվում էր աքլորականչին, ով երբեք չիմացավ ինչ է քնքշությունը, ով չիմացավ իր մեջ այդքան ամբարված Սերն ում տա։ Անդիկի՞ն… նա դրա կարիքը չուներ, զավակի՞ն, որին այդպես էլ չունեցավ: Կրակի կտոր, սարերի դաշտերի աղջիկ Սիրանը, այդպես էլ չզգաց մայրական բերկրանքը:
Մի քանի այց բժշկի մոտ, մի քանի բամբասանք, մի այց էլ Անդիկի հետ բժշկի ու հարցը փակվեց:
«Հո խայտառակ չես լինի այ բալա» ,- մայրն էր հորդորում պապու թաղմանը: «Գնացած հետ եկածին ով կտանի, ինչ՞ կասեն, աբուռդ քեզ քաշի, ապրի էլի Սիրան ջան, հալբաթ տեքրդ 4 ունի մեկը կտա ախպորը»:
Սիրանը պապի հետևից լաց չեղավ, միայն ուշադիր հետևեց, որ պապի ճաքճքած ձեռնափայտը, որ ավտոմատի ուժ ուներ, որ չէր կրակում, բայց սպանում էր՝ հետը դնեն…:
Ամո՞թ, ինչի՞ համար, և ինչի հենց ինքը պիտի ամաչի…ինչի՞ երբեք պապը չամաչեց, որ իր բանսարկու ավանդապաշտությամբ սպանել էր իր կրակոտ, լուսավոր Սիրանին։
Ելակի մարգերը մեկը մեկի հետևից «տկլորացնելով» Սիրանը չհասկացավ էլ, թե ե՞րբ օրը կես դարձավ, մեջքն ուղղեց մոտեցավ «կամանդիրին» (աղջիկներն էին անունը կնքել) .
– Սիրան ջան վաղն էլ կգաս ու վերջ, մի 10 օր հանգստացի։
– Էդ ինչի՞, գործ չկա՞, անհանգիստ հարցրեց Սիրանն ու վերցրեց իրեն պարզած օրավարձը։
– Վա՜յ, Սիրա՛ն, դժգոհեցին աղջիկները, մարդ ենք, հո ռոբոտ չե՞նք։
Սիրանը վերցրեց փոքրիկ ամանով ելակն ու արագ քայլերով հեռացավ։ «Խեղճ աղջիկ տնից փախեփախա, ափսո՜ս, հազար ափսոս»,- տխուր ձայնով ասաց տիկին Զարիկը։
Սիրանը քայլերը դանդաղեցրեց, հետո մտածեց ճամփից շեղվի ու ելակը եղբոր փոքրիկներին հասցնի, մեկ էլ մի սիրուն մեքենա դանդաղեցրեց ընթացքն ու կանգնեց ճամփեզրին
– ՍԻՐԱ՞Ն:
Սիրանը մի պահ շանթահարվեց, հետո ակամայից ձեռքը տարավ ու գլխից հանեց գլխաշորն ու անխնամ մազեր թափվեցին տանջված, արևից վառված ուսերին։
Արսենն էր…
– Էս ո՞նց ես փոխվել, էս ինչ լավ հանդիպում էր, ո՞նց ես:
Հարցեր, որոնց պատասխանել պետք չի, դրանք հնչում են ուղղակի՝ մի բան ասելու համար ։
– Նոր եմ եկել Ամերիկայից, եկել եմ մերոնց տեսնեմ:
– «Ուրախ եմ»,- տխուր ժպիտով ասաց Սիրանը։
Մեքենայից մի շատ խնամված, գեղեցիկ հագնված, ժպտերես կին իջավ, մոտեցավ՝ բարևեց։
– Կինս է, ծանոթացի՜ր, Մագա: Մագ մեր դասարանի Սիրանն է, հիշու՞մ ես, ես քեզ պատմել եմ իր մասին: Միասին էինք պարապում։
– Ուրախ եմ, գրեթե միառժամանակ ասացին քաղաքակրթության երկու տարբեր կետերի կանգնած կանայք։
– «Ու՞ր էք գնում այս շոգին»,- կարծես միտումնավոր հարցրեց կինը, մենք Ձեզ կտանենք։
– Չէ՜, շնորհակալություն, ես արդեն հասնում եմ։
– Սիրան ջան ուրախ էի, որ հանդիպեցինք, ցտեսությու՜ն։
– «Ցտեսություն»,- ոչինչ չասող հայացքով ասաց Սիրանն ու դեռ մեքենան չէր շարժվել կայծակի արագությամբ անհետացավ փողոցի ծայրից։

Տուն մտավ, արագ մտավ լոգարան, ուզում էր երեսից ջնջել այն Սիրանին, որ կյանքը տվեց ամոթին ու վախին, ելակի մարգերին ու Անդիկին։
– Սիրա՞ն, սովամահ եղա, տնաշե՛ն։
Մի վայրկյանում հագնվեց դուրս եկավ ու գրեթե առանց ամուսնու երեսին նայելու, ծաղկավոր փեշերն իրար տալով սեղան գցեց ու նստեց Անդիկի դիմաց։
– Մի պապիրոզն ի՞նչ էր, որ չես բերել, Սիրա՛ն։
– «Կբերեմ, պիտի գնամ սարը ուրց քաղեմ, կբերեմ՜»,-գրեթե հառաչելով ասաց Սիրանն ու ելակը, որ այդպես էլ եղբոր երեխաներին չհասավ, ջրի կաթիլները վրան դրեց սեղանին։
– Օ՜ֆ, գնամ պառկեմ, էս անտեր ոտս շատա ցավում։
Նայեց Սիրանը նրա ետևից ու մի պահ աչքերը արցունքոտվեցին։ Սրտի մի մութ անկյունից այսօր աղմկում էր մի դալկածուփ աղջիկ’
կրակոտ ու վառվռուն աչքերով, որի առաջ փակվել էին երազանքին հասնելու բոլոր ճանապարհները։ Նա ուզում էր դուրս գալ, հևիհև վազեր Արսենենց այգու մոտ, մասրենու տակից վերցներ այն Սիրանին, որին տարիներ առաջ թողել էր, լաց լիներ, ըմբոստանար, չվախենար։ Հետո գնար ելակի մարգերում շաղ տված երազանքները հավաքելու։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ