Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա

Որպեսզի պարզ դառնա, թե գեղեցիկ ու առողջ տեսք ունենալու համար ինչ վիտամիններ են անհրաժեշտ մեր օրգանիզմին, կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը թվարկում է մի քանի ախտանշաններ:

«Մաշկի վրա կորյակային ցանը, կարմիր բծերը B և A վիտամինների խմբերի պակասի հետևանք են, մաշկի հաճախակի բորբոքումները վկայում են B2, B3, B6 վիտամինների անբավարարության մասին, թեփն առաջանում է B վիտամինների խմբի և սելենի (քիմիական տարր) պակասից, շուտ թափվող, թույլ, կոտրատվող մազերն ու եղունգները B վիտամինների խմբի և C վիտամինի անբավարարության հետևանք են, իսկ չոր, ճաքճքած, թեփոտ մաշկը կարող է A վիտամինի պակասից լինել»:

Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս վիտամինների պակասն, առաջին հերթին, լրացնել ճիշտ սննդակարգով և ապա` մաշկը սնուցել կոսմետիկ կամ բնական դիմակներով, քանի որ շատ հաճախ մաշկի ու մազերի խնդիրներն առաջանում են ներքին օրգանների խաթարված աշխատանքից:

Մաշկի առողջ ու գեղեցիկ տեսքն ապահովող վիտամիններն են.

Վիտամին C

Ամենակարևոր վիտամիններից է, որի անբավարարությունն, առաջին հերթին, ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա: Այն շատ կարևոր է նաև ճիշտ նյութափոխանակության համար: Ըստ մասնագետների, C վիտամինի պակասն օրգանիզմում կարող է պիգմենտացիա առաջացնել: Այս վիտամինը նաև բարձրացնում է աշխատունակությունը, թարմացնում ամբողջ օրգանիզմը: Կարևոր է իմանալ, որ C վիտամինն արագ օքսիդանում է, ուստի այն մրգերն ու բանջարեղենը, որոնք պարունակում են այն, պետք է հնարավորինս թարմ վիճակում օգտագործել: Ըստ կոսմետոլոգի, կանանց անհրաժեշտ է օրական այս վիտամինից ընդունել առնվազն 55-85 մգ: Շատ գիտնականներ կարծում են, որ դրա օրական քանակն օրգանիզմում պետք է կազմի 200-500 մգ:

C վիտամինի քանակը մրգերում և բանջարեղենում (100 գ չափաբաժնում) կազմում է. չորացրած մասուր` 1200 մգ, թարմ մասուր` 400 մգ, կարմիր պղպեղ` 250 մգ, կարտոֆիլ` 200 մգ, կանաչ պղպեղ`150 մգ, մաղադանոս`150 մգ, սամիթ` 100 մգ, ծաղկակաղամբ` 70 մգ, նարինջ` 60 մգ, կաղամբ` 50 մգ, լոլիկ` 35 մգ, կարմիր հաղարջ` 25 մգ, բալ` 15 մգ, խնձոր` 13 մգ, սոխ` 10 մգ, բազուկ` 10 մգ, սալոր` 10 մգ, վարունգ` 10 մգ, սխտոր` 10 մգ, ծիրան` 10 մգ, գազար` 10 մգ:

Վիտամին A

Պարունակում է կենդանական ծագումով սնունդը. ձկան յուղ, կարագ, պանիր, կաթնաշոռ, ձվի դեղնուց, լյարդ, երիկամ: Բույսերի մեջ A պրովիտամինն է կարոտինը, որն օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Կարոտին պարունակող բույսերն են` գազարը, սոխը, դդումը, սեխը, մասուրը, ծիրանը, կարմիր պղպեղը և այլն:

Կոսմետոլոգը բուսակերներին կամ սննդակարգին հետևողներին զգուշացնում է. «Ճարպերից, կենդանական յուղից հրաժարվելու դեպքում մաշկը չորանում է, թեփոտվում, կորցնում նրբությունը, ծածկվում եղջերաթաղանթով, մազերը կորցնում են փայլը, թուլանում են»:

Չոր մաշկի և մազերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել երկու ճաշի գդալ ձկան յուղ կամ 100 գ լյարդ, 300 գ գազար և 100 գ ծիրանաչիր:

Վիտամին B

«Մաշկի թարմությունն ապահովող ամենաանհրաժեշտ վիտամիններից է: Շատ կարևոր է ճիշտ նյութափոխանակության համար, որն էլ մաշկի երիտասարդ և առողջ տեսքի գրավականն է»,-ասում է կոսմետոլոգը: Առավել արդյունավետ է, եթե այս վիտամինն ընդունում են օրական 60-100 մգ: B վիտամինի աղբյուր են արևածաղկի սերմը, բուսական յուղը` հատկապես եգիպտացորենինը, ցորենի ածիկի յուղը, նուշը և այլն:

B խմբի վիտամիններ.

Վիտամին B1

Կարգավորում է նյարդային, աղեստամոքսային համակարգի գործունեությունը, որոնք անմիջականորեն ազդում են մաշկի ու մազերի վրա: «Եթե մազերը ժամանակից շուտ թափվում են, մաշկը ծերանում է կամ նյարդերը գերլարված են, ապա սննդի մեջ հարկ է ավելացնել անհրաժեշտ քանակությամբ B1 վիտամին»,- խորհուրդ է տալիս կոսմետոլոգը: B1 վիտամին պարունակում են կաթը, աշորայի հացը, ոլոռը, լոբին, հնդկացորենը, լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը:

Վիտամին B2

«Առանց այս վիտամինի խոսք լինել չի կարող գեղեցիկ ու առողջ մաշկի մասին»,- ասում է Արևիկ Բեկնազարյանը,- այն տեսողության համար շատ կարևոր վիտամին է: Եթե, օրինակ, մթնշաղին կամ վառ լույսի տակ սկսում եք վատ տեսնել, կկոցում եք աչքերը, ապա դրանց շուրջ կնճիռներ է առաջացնում»:

Եթե աչքերը սկսել են վատ տեսնել, բերանի անկյուններում առաջացել են փոքրիկ ճեղքեր, դեմքին հայտնվել է կորյակային ցան, նշանակում է օրգանիզմում B վիտամինի պակաս կա: Այս վիտամինի պահանջն օրգանիզմում օրական կազմում է 2-3 մգ: B վիտամինով հարուստ է կաթնամթերքը` հատկապես կեֆիրը, ինչպես նաև հավի, տավարի միսը, ձուկը, ոլոռը, կանաչ սոխը, սամիթը:

Վիտամին B3

Այս վիտամինի անբավարարության դեպքում մազերը շուտ են ճերմակում: Այն գտնվում է բոլոր բուսական և կենդանական հյուսվածքներում: B3 վիտամին պարունակում են տավարի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը և այլն:

Վիտամին B9

Այս վիտամինով հարուստ են սպանախը, ձմերուկը, խնձորը, կաղամբը, գազարը, տավարի լյարդը, կաթը, կաթնաշոռը և այլն: Այս վիտամինի բավարար քանակն անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի բոլոր օրգանների նորմալ գործունեության, այնպես էլ մաշկի համար: B9 վիտամինի անբավարարությունն, առաջին հերթին, ազդում է մազերի աճի վրա:

Աղբյուր`  med-practic.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ