Վիլո (Վիլիկ) Սահակյան – «Ասա»

Գիտե՞ս ինչ է լինում,
Երբ չեն սիրում։
Սկզբում դողէրոցքի չափ
Սկսում ես մրսել,
Ու հետո
ոտքերդ գետնին չեն դիպչում,
Իսկ էս հողեղեն աշխարհի մեջ
Ամենավատ բանը
Առանց կյանքի սերն է,
Ուրեմն մոռացիր ինձ
Ու երկուսի փոխարեն
Սրճամանիդ ջուրը քչացրու։

Երբ պակասում է,
Ինչ-որ բանի տեղ է ավելանում,
Սիրիր այդպես,
Որ երբեք սրճամանդ չլցվի
Կամ մեծը վերցրու,
Իսկ փոքրի մեջ
Տեղավորիր կարոտներդ։

Ու երբ ինքդ քեզ խոստովանես,
որ սրճեփդ պատահաբար լցվել է,
Թող որ թափվեմ գազօջախիդ
Ու դու մաքրելու ժամանակ չունենաս,
Ուզում եմ լինել
Քո միակ փնթի կենտրոնը
Ու գազօջախից միշտ նայեմ
Թե ինչպես
Ձեռքդ չի գնում ինձ մաքրել։

Մի երազ կա,
Որ չես կարող պատմել
Միայն թե խնդրում եմ
Ամեն օր
Երբ արթնանաս
Սրճամանդ երկուսից պակաս
Ջուր չլցնես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ