Մերի Գագիկի – «Վերջին չվերջացողը»

Դու վերջին անգամ կգրկես սիրելիիդ ու ջերմանալու փոխարեն կսառես, որովհետև կգիտակցես, որ վերջին անգամն է։ Ամեն անգամ, երբ փորձի փախչել գրկիցդ, ավելի պինդ կգրկես ու մի գրկախառնության մեջ կթաղես այն բոլոր երազանքները, որոնք կապված էին նրա հետ։ Քեզ կթվա, թե չես դիմանա, անկախ ուժիցդ նրա գրկում կթուլանաս ու աչքերիցդ բաց կթողնես արցունքները, բայց չի լինի, որովհետև վաղուց այդ արցունքները ծխախոտիդ ծխի հետ ցնդել են ձեր տան բակում։ Մի գրկախառնության մեջ մի ամբողջ կյանք ու չապրած վայրկյաններ տեղադրելով կփորձես քոնը նրա մեջից հանել ու քեզ վերցնել, բայց չի ստացվի, որովհետև վաղուց իրար մեջ ձուլված կլինեք։ Ամենավերջում, երբ ժամանակը չի թողնի ձեռքերդ գրկելու դիրքից չփոխվեն, մի պահ կնայես նրա աչքերի մեջ, որ ամեն անգամ նրա աչքերի գույնի ինչ֊որ բան տեսնելուց միանգամից սկսես ատել դա։ Աչքերը, որ ժամանակին քեզ ապրեցնում էին, այդ պահից սկսած գիշերվադ հյուրը կլինեն, ու բոլոր հարյուր հազարավոր մարդկանց աչքերը, որոնց կտեսնես ողջ կյանքիդ ընթացքում։ Իսկ երբ գնա, դողով քեզանից պոկվող քայլերին կնայես, որովհետև կգիտակցես, որ նույն քայլերը էլ նրան քեզ մոտ չեն բերելու։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ