
Խաչվեցին մատները մատներին,
Քայլեցին ծեր ծովի եզերքով,
Երկուսի բառերն էլ լռեցին.
Խոսեցին ծովացած աչքերով…
Սահեցին մատները դողացող,
Արձակվեց ամոթը կապանքից,
Մարմին… ու շուրթեր համբուրող,
Մերկություն՝ դողացող շիկնանքից…
Ավազը երկուսին մերկացրեց,
Արևը տաքացրեց շողերով,
Կիրքը հրի պես պարուրեց,
Եվ… շիկնեց ավազը կարմիրով։
Մաքուր մի ճերմակ սավառնեց
Ծովի ափերին աննկատ,
Մի անեղծ կույս հոգի ճախրեց
Եվ լուսնին կյանք տվեց գունատ։
Գիշերը բաժանումն էր խոր հուզմունք,
Ետդարձ էլ չկար. սեր էր, կյանք,
Խենթացած կիրք էր ու պարզ արցունք,
Նորից ու կրկին հուր տարփանք։
Վառվեցին հրդեհներ՝ թեժ, անսանձ,
Լույսերը բեկբեկուն թանձրացան,
Կրակվեց կիրքը և ծով դարձավ,
Ու աստղերը դանդա՜ղ համրացան։
Գիշերը հանդարտ երկարեց,
Չմարեց կրակն ու կիրքը խենթ,
Հոգին շնչի հետ վեր ճախրեց,
Ու… տարփանքն առած թևի հետ։