Երազիկ Վարդանյան – «Անվերնագիր»

…Վաղուց էր,ինչ գույների քաղաքում էի ապրում։ Մարտիմեկյան արևածագն ինձ ազդարարեց,որ լույսն արդեն բացվում է։Հանկարծ արևի շողքն ընկավ երեսիս,թեթև այրոցից արթնացա՝ նոր կյանք էր սկսվել։Այո,ամեն օրը նոր կյանք է,որը պետք է նոր գույներով լցնել,իմ սիրելի քաղաքի նման։Հանկարծ հիշեցի,որ պայմանավորվել եմ հանդիպել Լուսեի հետ՝ մեր սիրած գոգյան գույներով սրճարանում, արագ վեր թռա,վերցրեցի ժամացույցս, նայեցի ժամին,որ միշտ կրում եմ,բայց այն երբեք թևիս վրա չի աշխատում(ասում են, որ ինձնից է)։
Ուշացել էի։ Արագ հագնվեցի ու դուրս վազեցի։
Լուսեն իմ ընկերներից է,ում հետ ծանոթացել եմ ուսանողական տարիներին, միասին նոր գրքի շնորհանդեսին ենք պատրաստվում,որի համահեղինակները մենք ենք։ Գիրքը գույներիս քաղաքի և կորցրած սիրուս մասին է։ Պետք է հանդիպեինք և քննարկեինք մանրամասները, բայց ուշացել էի։
Կանգառում սպասում էի ամենաշուտ ժամանող ավտոբուսին ու մտքերով գրքի բովանդակության, ավելի ճիշտ՝ սիրուս մասին էի մտածում, (ում միշտ սպասել եմ) ու տեղի ունեցավ անսպասելին։ Ես նրան գտա նույն կանգառում (գուցե և ճիշտ էր ուշանալս)։
Սպասում էի…
Երկար եմ սպասել այդ օրվան։ Վերջապես գտել էի կորցրած սերս։ Երևի նա չէր էլ հիշում ինձ,ախր վաղուց չէինք տեսնվել՝20 տարի….
Երկար,սև,ծով ալիքներով վարսերն ուսերին գցած,սպասում էր նաև ինքը։ Ցրտից դողացող մատները մոտեցրել էր շրթունքներին,որոնք ծածկել էր շարֆի տակ, որ տաքացնի,շագանակագույն աչքերը փայլփլում էին, որպես լույսի շողեր։ Աչքերս անթարթ,հրապուրվում էի նրանով,երբ հանկարծ շուռ եկավ և ասաց.
֊Պարո՛ն,ո՞ր ավտոբուսին եք սպասում։
Շփոթված ու աշխարհից կտրված պատասխանեցի՝ ֊Կյանքի։
֊Կյանքի ավտոբու՞ս, մի՞թե կա նման բան։
֊Կա,եթե միայն ցանկանաս ինձ հետ նստել։

Շարունակելի…
ՎարդԵր (01.03.2021)

Ձեզ նույնպես կարող է դուր գալ