Վարդան Հարությունյան – «Դու չսովորեցիր տողատակերը կարդալ»

Դու չսովորեցիր տողատակերը կարդալ ու երբեք էլ չհասկացար ինձ։ Գերադասեցիր լուռ նայել աչքերիս ու ժպտալ՝ չհասկանալով անգամ՝ ինչ կզգամ ես, կամ չուզենալով հասկանալ, չգիտեմ։ Կիսատ թողեցիր սուրճը, վերցրիր մանուշակագույն վերարկուդ ու գնացիր՝ չթողնելով լոկ հուշում մի, որ քեզ գտնել կարողանամ։
Դու չսվորեցիր տողատակերում կարդալ ու ինձ հասարակ համարեցիր։ Չփորձեցիր հետս գալ յոթ տիեզերք հեռու ու չուզեցիր լսել քո մասին իմ շուրթերից։ Մոռացար սիրել ու ինձ թողեցիր յոթ կանգառ հեռու։
Չսովորեցիր կարդալ բառերի արանքում խցկածս բաց տարածությունները ու չընկալեցիր ցավազուրկ լինելդ։
Չցանկացար լինել իմը, չխոսեցիր ինձ հետ այդպես էլ ու…
Չհասկացար՝ երբ արթնանում եմ, ես քեզ հետ եմ։
Չկարդացիր տողատակերը ու գլխի չընկար, որ ես միշտ ժպտում եմ…
Քեզ…
Ես ժպտում եմ միայն քեզ՝ ուրիշին նայելով, ուրիշի հետ խոսելով։
Չկարդացիր ոչինչ անգամ, որ հասկանայիր… Սիրում եմ միայն քեզ՝ ուրիշին սիրելով…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ