Երբ գրչիդ ծայրից կաթկթում է թանաքը, հանդիպում ես կյանքին, որ մինչ այդ հանգիստ ու անմեղ նստած էր ներսումդ / Վարդ Արծափէ

Զրուցակիցս բանաստեղծուհի Վարդ Արծափէն է։

1. Վարդ Արծափէ , կուզեի սկսել Ձեր գրական անվան պատմությունից։ Արծափէ, շատ գեղեցիկ է, ինչու՞ Արծափէ։

Արծափէ… իմ բնությունն է, նախնիներիս հայրենիքը՝ Արծափ գյուղս, Է-էությունս, որ Արծափիս ջրի ու բարբառի նման չի խառնվում…

2.Այսօրվա այս մեկուսացված և քաղաքականացված առօրյայում ի՞նչ դեր ունի պոեզիան։

Պոեզիայի շնորհիվ սկսում ես հերիքել ինքդ քեզ, ծավալ ես տալիս ու հայտնվում մի տեսակ դիտորդի դերում, պոեզիան Սեր է, ժպիտ, ուղիղ կապ Աստծո հետ… երբ գրչիդ ծայրից կաթկթում է թանաքը, հանդիպում ես կյանքին, որ մինչ այդ հանգիստ ու անմեղ նստած էր ներսումդ։

3.Կա՞ն թեմաներ, որոնք երբեք չեք արծարծի Ձեր ստեղծագործություններում։

Պահի ճշմարտությունից ելնելով՝ կասեմ, որ կան, բայց ես չգիտեմ հաջորդ պահը, ուստի հստակ պատասխան չունեմ երբեքի համար։

4.Ինչպե՞ս է Ձեզանում ծնունդ առնում բանաստեղծությունը։ Օրվա մեջ կա՞ն այնպիսի ժամեր, որ կարելի է ասել Ձեր մուսայի ժամն է։

Ոչ մի բանաստեղծության ծնունդ նման չէ մյուսին, նրանք ծնվում են անկանխատեսելի, բայց իրենց ժամին, միայն տեսնել է պետք անտեսանելին… սովորաբար մարդիկ տեսնում են այն, ինչ երևում է, երբ փոքր էի, մուսա ունեի, սև ցիլինդրով ու նախշազարդ ձեռնափայտով միջահասակ մարդ էր, քիչ նման Չապլինին, հետո նա գնաց։ Դա իմ ներշնչանքն էր… հիմա չունեմ, ամեն բան ներսում է ապրում, սեփական հեքիաթում։

5.Եկեք փորձենք Ձեր ստեղծագործությունները տեղափոխել կտավի վրա։ Ի՞նչ գույներով են դրանք նկարված։

Եթե տեղափոխենք, ես նորից կտեսնեմ գերակշռող գույնը՝ երազագույնը, քանզի ապրում եմ իրականության և երազի զուգահեռ աշխարհներում միաժամանակ՝ հաճախ շփոթելով՝ ո՞րն է երազը… ասում են՝ երազներն անգույն են, իմ երազներն ամենագույն են…

6.Որքա՞ն է անկեղծության սահմանը արվեստագետի և աշխարհի միջև։ Որտեղի՞ց է այն սկսվում։

Արվեստագետը անկեղծ է աշխարհի հետ, բայց թաքնագիր ունի, երբեմն էլ՝ չափազանցություն, հորինող է, չէ՞… եթե ամբողջովին անկեղծ լինի աշխարհի հետ, կկորցնի իր առեղծվածը, ասել է թե՝ մերկանալ հանուրի առջև…

7.Ձեր ստեղծագործություններին հատուկ են կախման կետերը, ինչու՞։

Կախման կետերը… մենք անընդհատ շարունակվում ենք՝ անորոշ, անակնկալ ու անսահման… այս կետերում երեք չափում կա ժամանակի… անվերջություն… հոսում ենք մեր երակներով ու գետի նման նորից ու նորից մեզ վազանց անում… ոչինչ չի ավարտվում ինձ համար…

8.Ի՞նչ է Ձեզ համար բանաստեղծությունը։

Երեխա… Սեր… Կյանք…

9.Ի՞նչ է հավատը ըստ Ձեզ։ Դուք ինչի՞ն եք հավատում։

Հավատում եմ նշաններին, հիմա վերծանում եմ նրանց լեզուն… երբեք չեն հիասթափեցնում… ԼՈւՅՍԻՆ եմ հավատում… հավատում եմ ինձ…

10.Իսկ ինչի՞ց եք վախենում։

Վախենում եմ հրաժեշտներից. կորստի տագնապ ունեն… անտարբերությունից… չհասցնելուց… վախենում եմ մարդու չմարդացումից….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ