Հյուրասեր ու անուներ փոխած գյուղը | Վանատուր

Վանատուր, նախկին  գյուղ  Կոտայքի  մարզի  Հրազդանի  շրջանում, Սուդագեն լեռան ստորոտին՝ Հրազդան գետի ձախ ափին:  Այժմ համարվում է  թաղամաս  մարզկենտրոն Հրազդանում:


Գյուղի  ու  անվան  պատմությունը

Գյուղի  պատմությունը  հին ժամանակներից  է  սկսվում,  ինչի մաիսն  վկայում  են  գյուղում գտնված  հին  եկեղեցու  ավերակները  և  հինգ  հին  գերեզմանատները:  Գյուղի  հին անունը,  ըստ  խերունիների,  եղել  է  Գառնեղի: Միայն հետո, շնորհիվ այստեղ շինված և այժմ էլ կիսավեր դրությամբ մնացած քարավանատանը, վերակոչվել է Քարվանսարա։ Սակայն  հետո էլի  անուն է փոխել  և  դարձել  Աթարբեկյան: Աթարբեկյան անունը գյուղը ստացել է 1935թ. հունվարին բոլշևիկ֊չեկիստ Գևորգ Աթարբեկյանի անունով և կրել է այդ անունը 60 տարի։

Հետաքրքիր  պատմություն  է`  ինչպես է  դրվել  Վանատուր  անունը: Գյուղի անունը դնելու խնդրանքով դպրոցի ուսուցչուհի Ռիմա Սարգսյանին է դիմել այդ ժամանակ Աթարբեկյանի թաղապետ Հրաչ Բունիաթյանը: Տրված էր ընդամենը մեկ օր,քանի որ վերևից պահանջել էին արագացնել այդ գործը:Պահանջն էր՝

 1. չկրկնվող անուն,

2.այնպիսի մի անուն,որը բովանդակությամբ հարազատ լիներ Քարվանսարա անվանը (Իջևան կամ Իջևանատուն հնարավոր չէր դնել,քանի որ այդ անուններն արդեն կային հանրապետությունում)։

Պատմում է Ռ.Սարգսյանը. «Դպրոցում լսելով իմ նախկին աշակերտ Հրաչ Բունիաթյանի խնդրանքը՝գնացի տուն և զբաղվելով առտնին հոգսերով՝մտահան էի արել այդ խնդրանքը:Արդեն երեկո էր,երբ հանկարծ հիշեցի այդ մասին:Միտքս գործում էր միայն մեկ ուղղությամբ. դրվելիք անունը պետք է պարտադիր լինի Քարվանսարայի թարգմանը (օթևան տվող,վան տվող): Ու հանկարծ ուղեղումս փայլատակեց Խորենացու պատմության մեջ հիշվող Վանատուրը,որը հայոց ասպնջականության,հյուրընկալության աստվածն է եղել հեթանոսական դարաշրջանում: Եվ ուրախությունս կրկնապատիկ դարձավ,երբ գյուղի անունը ինչ-որ հասարակ գոյական չեղավ,այլ հեթանոսական դիցերից մեկի անունը»։ Ահա  այյսպես վերջապես  Քարվանսարան գտավ  իրեն  արժանի  անվանումը`  Վանատուր:


Պատմամշակութային կոթողներ

Այս հին  գյուղում,  ինչպես նշեցինք, հայտնաբերվել  են բազմաթիվ  հին  կառույցներ`  եկեղեցի,  գերեզմանատներ: Սակայն  բացի  դրանից  հայտնաբերվել  է  նաև  մի  քարավանատուն: Իսկ  1883թ.  կառուցվել  է  Սբ.  Աստվածածին  եկեղեցին:

Քարվանսարայի  քարավանատունը[1]

Քարավանատան ավերակները գտնվում են Հրաղդան գետից ոչ հեռու, գյուղի ծայրին։ Արդեն իսկ գյուղի անունը (Քարվանսարա) վկայում է հնում քարավանատան գոյության մասին այս բնակավայրում, որ մի կարևոր կետ էր հանդիսանում հին ճանապարհի վրա։ Այստեղով անցնող ճանապարհը ճյուղավորվելով մի կողմից ուղղվում էր դեպի Թբիլիսի, մյուս կողմից՝ դեպի Գանձակ, իսկ Սելիմի լեռնանցքով՝ դեպի Սյունիք։ Տեղում պահպանվել է քարավանատան միայն արևմտյան մասը:յն ներկայացնում է անձև քարերից, կրաշաղախով շարված պատ և կիսավեր սենյակներ, որոնցից մեկը պահպանել է թաղակապ ծածկի մի մասը։ Գյուղի ծեր բնակիչներից մեկը՝ 70-ամյա Պողոս Բարսեղյանը, որն իր ընտանիքով ապրում է քարավանատան հյուսիս-արևմտյան անկյունային, ներկայումս բնակարանի վերածված և առաջվա գմբեթի փոխարեն «հազարաշեն» ձևի փայտե ծածկ ունեցող սենյակում, օգնեց գաղափար կազմելու ներկա ավերակների երբեմնի ամբողջական վիճակի մասին։

Նրա պատմածի համաձայն, քարավանատան շենքը մինչև 1927 թվականը հիմնականում կանգուն վիճակում էր գտնվում։ Այդ շենքը ունեցել է քառակուսի ձևի (ներքին չափերը՝ 25,0 մ. X 25,0 մ.) բակ, որի պարագծով զետեղված էին թաղածածկ դահլիճներ։ Բակը հիշյալ դահլիճներից անջատված էր խուլ պատերով և չէր հաղորդակցում վերջիններիս հետ։ Բակը կարելի էր մտնել արևմտյան կողմի դռնով, անցնելով թաղածածկ միջանցքով։ Այդ միջանցքի աջ և ձախ պատերի մեջ կային դռներ, որոնք տանում էին նույնպես թաղածածկ կից սենյակները։ Բակը շրջապատող դահլիճները, որոնք հաղորդակցվում էին անկյուններում գտնվող և գմբեթներով ծածկված սենյակների միջոցով, կարելի էր մտնել հյուսիս-արևմտյան անկյունային սենյակի միակ դռնով։ Այդ դուռն էլ ներկայումս ծառայում է որպես մուտք Պողոս Բարսեղյանի բնակարանի համար։ Վերոհիշյալ տեղեկությունները և տեղում պահպանված մնացորդների հետազոտությունը հնարավոր դարձրին կատարել հատակագծի վերակազմությունը, որի վրա մուգ գույնով ցույց են տրված պատերի ներկայումս պահպանված մասերը : Նախքան հուշարձանի ճարտարապետության մասին ընդհանուր եզրակացություն հանելը, հարկ կա մի քանի խոսք ասել նրա պահպանված մասերի վերաբերյալ։ Ինչպես արդեն վերն ասվեց, քարավանատան մեծ կառուցվածքից տեղում պահպանվել է միայն արևմտյան մասը, համարյա ամբողջ արևմտյան պատը տեղ-տեղ 3,0—4,0 մ. բարձրությամբ, իսկ միջին մասում պահպանվել է միջանցքի ձախ կողմում գտնվող սենյակը իր թաղավոր ծածկի մասով:


Բնակչությունը

«Լիլիա՛ ջան, մե էսա խացը վերու՞ս ըստուց…», «Ա՜յ բալա, քե չէի՞ ասե, որ չայի մեջ երկու գդալ շաքար թալես…»: Նմանատիպ  արտահայություններն ու  բարբառը  հատուկ  է  Վանատուրի  բնակիչներին: Քարվանսարեցին տարիների ընթացքում ստեղծել ու իր հոգևոր պահանջմունքներին է ծառայեցրել բանահյուսությունը, պարարվեստը, թատերական ներկայացումները, խաղերը ու զանազան մրցույթները։ Իր դերով խաղը ժողովրդի ֆիզիկական ուժի, կոփման ու ռազմական արվեստի ձևավորման ակունք է հանդիսանում։Քարվանսարայի խաղերը բազմապիսի են (օրինակ՝  «Չլիկ֊դաստա», «Քարկտիկ», «Հոլա խաղ», «Թաք դըռբ», «Վիր հոլն շատ կֆռա», «Հերկեն էշ», «Ա՜յ, հավալա֊հավալա», «Աշխարհ գրավոցի», «Ակե֊դուկե», «Ըստե կրակ կա») ու ունեն հին ակունքներ։

Գյուղում մեծ զարգացում են ունեցել նաև թատերական ներկայացումները։Դրանք կատարվում էին ժողովրդական տոների, հարսանեկան հանդեսների, մի շարք ծիսակատարությունների ժամանակ գյուղի տարբեր թաղերում գտնվող մեծ տներում կամ գյուղամիջում։Ներկայացումների բովանդակությունը գալիս էր ժողովրդի կենցաղից, երկրի քաղաքական իրավիճակից։Հետագայում գյուղում կառուցվեց ակումբի նոր շենք, որը գյուղացիների կողմից երբեմն կոչվում էր «Խրճիթ»։Այտեղ կազմակերպվել են մի շարք ներկայացումներ՝  «Սևաչ», «Նամուս», «Լարվարի որսը», «Գիքոր», «Չար ոգի»։Գյուղի ամառանոցներում ցուցադրվել են նաև համր ֆիլմեր։ Գյուղում պահպանվել են պատմական և մշակութային հուշարձաններ(եկեղեցիներ,սրբեր,խաչքարեր ու տապանաքարեր)։ Այս ամենից զատ՝ գյուղը շարունակում է ապրել։Այստեղ գյուղացիները միմյանց ցավով ու ուրախությամբ ապրել գիտեն, հիվանդ հարևանի հողը փորել, կանաչի, կարտոֆիլ ցանել֊ջրել գիտեն։Ու թե էդ տարի հարևանի բախտը բերեց ու պետ֊պետ(խոշոր) բերք հավաքեց, հասարակ օրը տոնի էր վերածվում։Իսկ տոնախմբությունների ժամանակ միշտ օգնության են գալիս տարբեր մայլաների(թաղերի) հյուրընկալ ու համբերատար խանութպանները։


Մեր կամավոր  Լիլիա  հակոբջանյանի  խոսքերը

Գյուղի մարդկանց սխրագործությունների մասին դարեդար, սերնդեսերունդ անցած ու չափազանցաված ավանդությունները փոքրուց իմ մեջ արմատավորել են այն կողմնորոշումը, որ ինձ ևս կարող էր վիճակված լինել գեղջկական մանկություն ունենալու բախտավորությունը։Բայց քանի որ այնժամ բախտն ինձ թեթևակի անգամ չժպտաց, ես արդեն 18 տարի է՝ երազում եմ կյանքիս որոշակի (եթե ոչ ողջ) հատվածն անցկացնել գյուղական պարզ մթնոլորտում։ Ինչևէ։Գյուղից հեռու ապրելով՝ ես երբեք չեմ մոռանում իմ արմատների մասին։Չեմ մոռանում ու ամեն անգամ՝ տեղն եկած պահին, ներքին արթնացող հպարտությամբ ասում եմ՝ ես աթարբեկյանցի եմ… 


Գյուղի մասին  տեղեկություններ  հաղորդեց  «Գյուղից  գյուղ»  նախաձեռնության կամավոր  Լիլիա  Հակոբջանյանը: Հոդվածի  գլխավոր  նկարն  էլ  կազմեց  Արտյոմ Օհանյանը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ