Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները


Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկն է Վան Գոգը: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Նա մեկ օրվա ընթացքում մի քանի նկար էր նկարում, թեպետ տառապում էր հոգեկան խանգարումներից և կախվածություն ուներ աբսենտից:


Վան Գոգի նկարների կրկնօրինակներն ամենուր են՝ մարդկանց տներում, սրճարաններում, շապիկների ու զարդերի վրա: Վան Գոգի`գույների խորհրդավոր աշխարհը շարունակում է գրավել ու ներշնչել բոլորին: Ձեզ ենք ներկայացնում նրա նկարներից 7-ը, որոնք դուք հաստատ տեսել եք գոնե մեկ անգամ:


1. Աստղազարդ գիշերը


Վան Գոգ


«Աստղազարդ գիշերը» Վան Գոգի թերևս ամենաճանաչված ու սիրելի կտավն է, թեպետ ինքը՝ նկարիչը, այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից: Այն նկարվել է 1889 թ.՝ ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:

«Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Այդ դինամիզի էֆեկտն է, որ կախարդում է մեզ և գամված պահում նկարի առջև:

Ի դեպ, մի շարք արվեստաբաններ պնդում են, որ կանաչ, կարմիր և սպիտակ գույներով տարված լինելը խոսում է Վան Գոգի գունային կուրության՝ դալտոնիզմի մասին: Այս պնդմանը մասնագետները եկան հատկապես «Աստղազարդ գիշեր» կտավի ուսումնասիրության ժամանակ:

Նկարը 1941 թ.-ից գտնվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:


2. Ինքնանկար առանց մորուքի



Վան Գոգը մի շարք ինքնանկարներ է արել: Դրանցից է «Portrait de l’artiste sans barbe»՝ «Ինքնանկար առանց մորուքի» կտավը: 1998 թ. այն վաճառվեց 71,5 մլն $: Այս նկարը մինչ այս վաճառված ամենաթանկ նկարներից է:


3. Վիրակապված ականջով. «Վանգոգյան սինդրոմ»




Այս տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ հոգեկան հիվանդներն իրենք իրենց ֆիզիկական վնաս են հասցնում կամ ստիպում է բժիշկներին դա անել:

Տարածված տեսակետ կա, որ տառապելով գլխապտույտներից և ականջների մեջ անվերջանալի աղմուկից՝ Վան Գոգը կտրել է իր ականջը: Բայց արդյո՞ք այդպես է հենց եղել:

Այս պատմությունն ունի մի քանի վարկած:

Դրանցից մեկի համաձայն՝ Վան Գոգի ականջի ծայրը կտրել է նրա ընկեր, նկարիչ Պոլ Գոգենը: 1888 թ. դեկտեմբերի 24-ի գիշերը նրանք վիճում են: Վան Գոգը կատաղության մեջ հարձակվում է Գոգենի վրա, որը լինելով լավ սուսերամարտիկ՝ իրեն պաշտպանելու համար սուսերով կտրում է նրա ձախ ականջի ծայրը:

Այլ վարկածի համաձայն՝ Գոգենն ու Վան Գոգը վիճել են, Գոգենը դուրս է եկել տանից, իսկ Վան Գոգը նյարդայնացած կտրել է սեփական ականջը: Հենց այդ պատմության պատճառով էլ առաջացել է «Վանգոգյան սինդրոմ» տերմինը:


4. Արևածաղիկներ




Երկու քաղված արևածաղիկ



Ծաղկաման՝ 15 արևածաղիկներով




Վան Գոգն առանձնահատուկ սեր ուներ արևածաղիկների հանդեպ: Դրա վկայությունն են արևածաղիկ պատկերող կտավների 2 շարքերը: Առաջին շարքում պատկերված են քաղված, հարթ մակերեսին «պառկած», երկրորդում՝ ծաղկամանի մեջ դրված արևածաղիկներ:

Առաջին շարքը հոլանդացի նկարիչը նկարել է Փարիզում՝ 1887 թ., երկրորդը՝ մեկ տարի անց Առլում՝  Պոլ Գոգենի գալստյան առիթով: Հետագայում դրանցից երկուսը գնել է հենց Գոգենը:

Արևածաղիկը դարձել է Վանգոգյան գեղանկարչության սիմվոլը:


5. Սրճարանի գիշերային պատշգամբ



Վանգոգյան նկարներից ևս մեկ գիշերային պատկեր «Caféterras bij nacht» «Սրճարանի գիշերային պատշգամբ»: Նկարիչը եղբորը գրում է. «Գիշերն ավելի կենդանի է և գույներով հարուստ, քան ցերեկը»: Այս կտավը ստեղծելիս՝ նա ոչ մի գրամ սև ներկ չի օգտագործել: Եվ առհասարակ Առլում արված նկարներին բնորոշ է դեղինի գերակայությունը: «Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույն գույնով: Փողոցի հեռավոր հատվածի շինությունները եռանկյունաձև վերնամասերն աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա», – գրում է նա քրոջը:

Վերջերս Ջարեդ Բաքթեր անունով մեկը ցնցող տեսակետ առաջ քաշեց, ըստ որի՝ այս նկարը Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» մոտիվներով է արված: Սրճարանում նստած մարդիկ 12-ն են՝ առաքյալների թվով: Նրանցից մեկը կանգնած է դռների արանքում. ուզում է՝ հեռանա. Հուդան է: Մատուցողն ունի երկար մազեր, սպիտակ, երկար հագուստ՝ ինչպես Քրիստոսը: Ուսումնասիրողը նաև ուշադրություն է հրավիրում մատուցողի թիկունքում գտնվող պատուհանի վրա. խաչ է պատկերված: Խաչ Մատուցող-Քրիստոսի թիկունքում:



6. Բժիշկ Գաշեի դիմանկարը



«Բժիշկ Գաշեի դիմանկարը» Վան Գոգի ամենաթանկ նկարն է. վաճառվել է 82,5 մլն $-ով 1990 թ.՝ ստեղծվելուց 100 տարի անց: Այս նկարը հեղինակն արել է մահվանից կարճ ժամանակ առաջ: Բժիշկ Գաշեն իրեն բուժող բժիշկն էր: «Պարոն Գաշեն, ըստ իս, նույնքան հիվանդ է և նյարդային, ինչքան ես կամ դու, բացի այդ նա մեզանից ավելի մեծ է և մի քանի տարի առաջ կորցրել է կնոջը: Բայց նա բժիշկ է ուղնուծուծով, այդ պատճառով էլ նրա մասնագիտությունն ու դրա հանդեպ ունեցած հավատը օգնում են նրան հավասարակշռությունը պահել: Մենք արդեն ընկերակցել ենք: Հիմա նրա դիմանկարի վրա եմ աշխատում», – գրում է Վան Գոգը եղբորը:


7. Կարմիր որթատունկերն Առլում



Այս կտավը ստեղծվել է Առլում՝ Վան Գոգի ստեղծագործական կյանքի ամեմաակտիվ շրջանում: Վան Գոգն այն նկարել է խաղողի այգիներում զբոսնելուց հետո: Նկարիչը գրում է եղբորը. «Ախ, ինչո՞ւ դու մեզ հետ չէիր կիրակի: Մենք տեսանք բոլորովին կարմիր որթատունկեր՝ կարմիր, ինչպես կարմիր գինին է: Հեռվից այն դեղին էր թվում, իսկ վերջում կանաչ երկինքը, շուրջը՝ անձրևից թաց, մանուշակագույն հողը»:


Աղբյուր՝ https://www.vnews.am/culture/van-gog/

Ձեզ նույնպես կարող է դուր գալ