ԼՈՒՍԷ – «ՈւՂՂԱԿԻ ԸՆՏՐԵՑԻ․․․ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ․․․»

Ասում են՝ մեծ սերը լռում է, կամ թե՝ իրական երջանկության մասին չեն բարձրաձայնում:
Հմ…
Էնքան քիչ ենք խոսում, էնքան չասված ու, ամենավատը՝ սպասված, բայց չլսված խոսքեր են մնում «ճիշտ պահի» համար, ու էդ ճիշտ պահին երբեմն չենք էլ հասնում:

Իսկ ես ուզում եմ ասել, որ երջանիկ եմ: Երջանիկ բառի ամենապարզ իմաստով: Իմ բնորոշմամբ՝ երջանիկ են, երբ հանգիստ են ու վստահ: Ես հանգիստ եմ ու վստահ, որ ունեմ Քեզ:
Ուզում եմ ասել, որ սիրում եմ: Սիրում եմ մեկին, ում ընտրեցի…ուղղակի…Ուղղակի ընտրեցի: Հանուն ոչնչի:

Սիրում եմ Քեզ ու երջանիկ եմ հենց Քեզ սիրելու համար, երջանիկ եմ, որ հենց Դու ես իմ կյանքում: Չլինեիր Դու՝ չէինք լինի ՄԵՆՔ: Դու պահեցիր Մեզ: Դու ստեղծեցիր Մեզ, ստեղծեցիր այն, ինչ ունենք հիմա՝ ԻՐԱՐ:
Դու ինձ սովորեցրիր գնահատել պահը, սովորեցրիր սիրել, զգալ, ԱՊՐԵԼ:
Սկզբում տարվեցի ձայնովդ… լուրջ չընդունեցի տարվածությունս…չէի հավատում ինքս ինձ, բայց հավատում էի էդ ձայնիդ ասած ամեն մի բառին:
Չէի հավատում, որ հեքիաթն իրական կարող է լինել: Դու ինձ սովորեցրիր հավատալ…ՔԵԶ: Իսկ Դու ինձ համար մի ամբողջ Աշխարհ ես, ուրեմն, ես հավատում եմ ամբողջ աշխարհին:
Քո հետ ուրիշ եմ…գուցե թույլ, կամ հակառակը՝ ավելի ուժեղ ու վստահ: Քո հետ քո ստեղծածն եմ: Քո հետ քեզ արժանին եմ…իսկ դու արժանի ես ամենա…ի՞նչ եկավ մտքիդ: Հենց դրան:
Շնորհակալ եմ Քեզ, ինձ ապրել սովորեցնելու համար: Ապրել ոչ թե ամեն օր, այլ ամեն մի վայրկյանը:

Սիրում եմ Քեզ, Իմ… Առաջին իսկ օրից էդպես էլ չկարողացա գտնել «Իմ» – ին լրացնող ամենաճիշտ գոյականը: Ու մնաց՝ «Իմ» – ը… ուղղակի ընտրեցի…Ու ուղղակի Իմ…

Հեղինակ՝ ԼՈՒՍԷ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ