Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, մայիսի 22, 1924, Փարիզհոկտեմբերի 1, 2018, Մուրիես), ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն(Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Մանկություն

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

Ազնավուրի հայրը` Միքայել(Միշա) Ազնավուրյանը ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝Քնար Բաղդասարյանը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին Իզմիրում (Թուրքիա) հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր):

Ծնողները երկուսն էլ արտիստներ էին մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպում են Կոստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։

1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը։

Միշան, որը նախկին բաիրտոն էր, «Կովկաս» անունով հայկական փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի աքսորյալների համար։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենք երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը:

1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով, երբ փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան հենց Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն ընդունել այդ դպրոցը, քանի որ վերջինս երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում :

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում `բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը Մելինեին 19։

1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, 10 որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում դարձավ Երգի ակումբ) և սկսվում է նրանց ընկերությունը ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիերի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեյի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների: Ռոշ և Ազնավուր դուետը, փորձում են հաջողություն ունենալ Քվեբեկում։ Այնուհետև տեղափոխվում են Մոնրեալ։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, որը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Aquote1.png Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։

Aquote2.png

Մեկ տարի անց 1956-ին նա գրում է իր «Իմ կյանքի մասին» գիրքը, պատմելով իր հաջողության մասին։ 1960 թվականին 36 տարեկան հասակում նա գրում է “Je m’voyais déjà” երգը, որը նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Սրան հաջորդում եմ այլ ստեղծագործություններ Tu t’laisses aller (1960), Les comédiens (1962), La Mamma (1963), Et pourtant (1963), For Me Formidable (1964), La Bohème (1965), Comme ils dissent (1972)…։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին Նյու-Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը: Հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է:

Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2010 թվականին նա ստանում է Victoires de la Musique մրցույթի գլխավոր մրցանակը։

2011 թվականից սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:

Aquote1.png Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա’յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Aquote2.png

Մահ

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Aquote1.png Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։

– Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018 թ․
Aquote2.png

 

Անձնական կյանք և մշակութային ազդեցություն

Ազնավուրն ունի մեկ քույր՝ Աիդա Ազնավուրը (ծնված 1923 թվականի հունվարի 13):

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ Լրատվամիջոցներում շրջանառվող «Շառլ» անունով զավակ չունի Ազնավուրը, դա ապատեղեկատվություն է։

1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Նա բնակվում էր Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։

Նրա երաժշտականությունը և փառքը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թվականի մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա «Parce Que Tu Crois» երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի «What’s the Difference» երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի) 2001 թվականի ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի «Sister Europe» («Քույր Եվրոպա») երգում («The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour» «Ռադիոն հատակին է/Հիմարություն է, նա Ազնավուր է երգում»)։

Ազնավուրը հաճախ էր կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ