
Տիտանը Սատուրնի 62 բնական արբանյակներից ամենամեծն է և մեծությամբ երկրորդ արբանյակը ողջ Արեգակնային համակարգում:
Արբանյակի մուգ նարնջագույն մթնոլորտը թույլ չէր տալիս այսքան ժամանակ ավելի մոտիկից ուսումնասիրել նրա մակերևույթը: Տիտանը համարվում է սառած արբանյակ:
Սակայն Քասինի զոնդին հաջողվել է մոտենալ նրան և հետազոտություններ իրականացնել, որի ընթացքում հայտնաբերվել է, որ արբանյակի վրա ակտիվորեն ընթանում են բարդ աշխարհագրական գործընթացներ․ գետերը հոսում են՝ թափվելով լճերի և ծովերի մեջ, ամպերը գոլորշիանում են և նորից ձևավորվում, երբեմն նույնիսկ՝ անձրևում:
Այս ուսումնասիրությունների հիման վրա էլ հետագայում գիտնականներին հաջողվել է կազմել Տիտանի մակերևույթի առաջին ամբողջական քարտեզը: Քարտեզի վրա ընդգրկված են Տիտանի, գրեթե, բոլոր աշխարհագրական մարմինները՝ հասարակածային դյուներից (ավազային բլրակ) մինչև բևեռային ծովեր: