
Փիլիսոփայական քար. ըստ միջնադարյան ալքիմիկոսների նկարագրությունների՝ որոշակի ռեագենտ, որի միջոցով հնարավոր է իրականացնել մետաղներից ոսկու վերափոխում, ինչպես նաև՝ ստեղծել կյանքի էլիքսիր։
Կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. վերածել հասարակ մետաղները՝ ոսկու։ Անվանում էին նաև կյանքի համադարման կամ կյանքի էլիքսիր։ Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը։
Ալքիմիկոսների աշխատություններում «Փիլիսոփայական քարի» խորհրդանիշ է հանդիսանում իր պոչը ուտող վիշապ Էռոբոռոսը կամ մի էակ, որը առաջանում է փիլիսոփայության թագավորի և թագուհու միավորումից։
Թեև շատերը «փիլիսոփայական քարը» համարում են հորինվածք, սակայն XX դարում փորձերի արդյունքում պարզվել է, որ հաճախ ոսկու շատ փոքրիկ զանգվածներ ստացվում են այլ էլեմենտներից՝ միջուկային շարժիչի հետ աշխատանքի արդյունքում։
Մի փոքրիկ պատմություն է հայտնաբերվել Ալեքսանդր Մակեդոնացու փնտրտուքների մասին:
Ալեքսանդր Մակեդոնացին ամբողջ կյանքի ընթացքում փնտրում էր կյանքի էլիքսիրը, որն անմահություն էր տալիս: Եվ ասում են, որ նա այն գտավ Արաբական անապատում: Էլիքսիրը գտնվում էր քարանձավում: Ինչպիսի՜ ուրախություն…
Նա այնտեղ մտավ միայնակ՝ չվերցնելով նույնիսկ ամենամոտ ընկերներին: Մտնելով քարանձավ, նա տեսավ աղբյուր, որը հոսում էր հսկայական բյուրեղի տակից՝ լուսավորվելով ծիածանի բոլոր գույներով: Հմայլվելով այդ հրաշքից՝ նա արդեն ցանկանում էր խմել, երբ հանկարծ լսեց ինչ -որ կռկռոց: Ալեքսանդրը ցնցվեց: Շրջվելով՝ նա տեսավ զառամյալ մեկին, ում մորուքը հասնում էր գետնին: Նրա կողքը նստած էր մի ագռավ:
Ծերունին ասաց.
-Մինչև խմելը լավ մտածիր: Ես խմեցի այդ ջուրը և ապրում եմ արդեն մի քանի դար: Եթե դու իմանայիր՝ ինչքան եմ ես հոգնել: Ես հուսահատված եմ: Ես ուզում եմ մեռնել, բայց չեմ կարող: Ես չունեմ ցանկություններ: Կյանքը պետք է վերակենդանանա, իսկ վերակենդանանալ կարող է միայն մահի միջոցով:
Ասում են, որ Ալեքսանդրի վրա այդ բառերը ազդեցին այնպես, որ նա դուրս վազեց քարանձավից, նստեց իր ձին և առանց շրջվելու հեռացավ, քանի դեռ արևը մայր չէր մտել:
Պատմությունը՝ ըստ https://arakanimskh.wordpress.com/ -ի