
Ե՞րբ է ստեղծվել առաջին վերելակը, ո՞վ է եղել նրա գյուտարարը: Այս հարցին վերջնական պատասխան տալ հնարավոր չէ: Չէ՞ որ ճոպանե վերելակներ կային դեռևս հին Հռոմում: Վերելակ է գտնվել Ներոնի պալատի պեղումների ժամանակ:
Հռոմի հրդեհից հետո (որն ըստ որոշ աղբյուրների հրկիզվեց հենց իր՝ կայսեր ձեռքով) Ներոնը 66 թվականին մի նոր պալատ կառուցեց «Ոսկյա տուն» անունով: Այդ պալատը վերելակ ուներ, որը բարձրանում էր 40 մետր, կանգ առնելով առանձին հարկերում: Միջոցներ էին ձեռք առնված նաև անվտանգության համար:
Օրինակ՝ ներքևում, վերելակի հատակին, ինչպես նաև հորի վրա փռված էին հաստ, փափուկ բարձեր: Կասկածամիտ Ներոնը վախենում էր, որ վերելակն աշխատեցնող երեք ստրուկները կարող էին կտրել ճոպանը:
Ռուսաստանում վերելակներ կային դեռևս XVIII դարում, օրինակ՝ Ցարսկոյե Սելոյի պալատներում, Կուսկովոյում՝ Մոսկվայի մոտ: 1785 թվականին հռչակավոր մեխանիկ Ի. Կուլիբինը պատրաստել է պտուտակավոր վերելակ:
Էլեկտրականությամբ աշխատող առաջին վերելակը երևացել է 1880 թվականին: Դրա ստեղծողը եղել է Բեռլինի «Սիմենս» ֆիրման: Անընդհատ գործող բազմախուց վերելակը կոչվել է «պատերնոստեր», որը բառացի նշանակում է «հայր մեր»: Կաթոլիկներն աղոթելիս՝ աղոթքներում ու երկրպագություններում հաշվելու համար օգտվում էին համրիչներից, որոնց պարանների վրա շարված էին ապակյա, ոսկյա, սաթե կամ փայտյա գնդիկներ: Բազմախուց վերելակն արտաքինից այդպիսի հսկայական համրիչ էին երևում: