
Ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյանին հիշելիս աչքիդ առաջ է հառնում հաճելի դիմագծերով, մանկան թափանցիկ հոգով, բարի աչքերով, բացառիկ տաղանդի տեր մի երիտասարդ, որին շատ սերունդներ պիտի համարեն իրենց ուսուցիչը, որի չծերացող արվեստը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Ապտակել են աջ այտդ, դեմ տուր ձախը» պատվիրանը համարում եմ արմատապես սխալ: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ: Քսաներկու տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալ: Գրել սկսել եմ նույն ժամանակ, ակամա:
Հեղինակներից ոչ ոք չէր ցանկանում աշխատել ինձ հետ. ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Դուր եկավ: Այժմ սարսափով մտածում եմ` իսկ եթե հանկարծ հայտնվի՞ իսկական սցենարիստը…
Լ. Ենգիբարյանը ծաղրածուին ազատեց ընդհանրական կերպար հասկացությունից և տվեց նրան անհատականություն: Նա ծաղրածուական արվեստ բերեց նոր մտածելակերպ, որով ծաղրածուն արդեն արվեստի երևույթ էր:
«Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի, ծիծաղը պարտադիր է: Ծաղրածուն միշտ զվարճախոս է եղել, բայց հանդուգն զվարճախոս` բոլոր ժամանակների ու բոլոր արքաների մոտ: Նա միշտ միակն է եղել, որ ճշմարտությունն է ասել արքաների երեսին»,-մի առիթով ասել է Լ. Ենգիբարյանը:
Լ. Ենգիբարյանը հաղորդակցվում էր մարդկանց հետ խելամիտ ու ընդգրկուն, որի համար նրա մասին չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ Հորնիչեկն ասել է. «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»:
Աշխարհի շատ բեմեր նվաճած արտիստի ելույթներին արվեստասերները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում և լարված հետևում էին նրա «խաղին», գիտեին, որ հաղորդակցվելու են Ենգիբարյանի բարձր արվեստին, գիտեին, որ նրա յուրաքանչյուր կատարում ուներ ասելիք, մտքի թռիչք, մտորելու և խորհելու առիթ, ինքնատիպ ու դժվարին կատարում, որ միայն իրենն էր` հագեցած Ենգիբարյանական ճշմարիտ ու հավաստի արվեստով: Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` Ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:
Լ. Ենգիբարյանը ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոն, որտեղ խաղացել է իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները» ներկայացումները՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»:
Հանրաճանաչ գեղագետը լի էր ասելիքներով ոչ միայն կրկեսաբեմում. նա ազատ ժամերին իր մտքերը, քնարական ու նրբագեղ արձակով, կիսում էր ընթերցողների հետ:
Գունդը ափի մեջ
- Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:
- Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը:
- Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թևերը, եւ աչքերն արյունով կլցվեն․․․
- Այս ամենն, իհարկե, ծանր է և, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբևէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:
Մեծ դերասանի մահը շատերի համար մնաց առեղծված: Իր արվեստի նման լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ արտիստը:
Ցավոք, նա ավելի շատ մտահղացումներ տարավ իր հետ, քան արեց կենդանության ժամանակ: Կյանքից հեռացավ, երբ ապրում էր ստեղծագործական բուռն զարգացման ու վերելքի շրջանը: Լեոնիդ Ենգիբարյան – արվեստագետ անհատը հավելեց մեր թատերական արվեստի մեծանուն դերասանների շարքը` դառնալով հավերժի ճամփորդ…Ափսոս, նրա «ջութակը» վաղաժամ կոտրվեց. բայց ամոքվենք նրանով, որ մեծ հայորդու ջութակի ձայնը դեռ լսվում է: