Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճարը


Տաուսե Մալակը եզդիական կրոնում ամենամեծ հրեշտակն է, բոլոր հրեշտակների գլխավորը` սիրամարգի տեսքով։ Միշտ նրան շրջապատում են տարբեր առաքելություն ունեցող հրեշտակներ։ Եվ ահա այս հավատալիքային մոտեցումը մղել է գործարար եւ բարերար Միրզա Սլոյանին նախաձեռնել Տաուսե Մալակի տաճարի կառուցումը։


Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ Հայտնի է նաև Ակնալիճի եզդիական տաճար։


Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 29-ին, որին ներկա էին բազմաթիվ եզդիներ, Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը։


Սեպտեմբերի 29-ը հոգևոր առաջնորդի կողմից հռչակվեց ուխտագնացության օր։


Համաձայն Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդի Հասան Հասանյանի Ակնալիճի տաճարը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին եզդիական սրբատեղին է։


2015 թվականի ապրիլի 22-ին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրա Միրե Թահսին բեգի գլխավորությամբ տեղի ունեցավ տաճարի հիմնարկեքը։


Եվ ահա 3,5 տարի անց մարմարակերտ տաճարը վեր է խոյացել Մասիսների հայացքների ներքո։ «Ուրախ եմ, որ ոչ միայն իմ, այլև համայն աշխարհի եզդիների երազանքն է իրականություն դարձել,-ասում է Միրզա Սլոյանը, – պատահական չէ, որ այն հայկական հողում է: Չէ՞  որ  այն երկրորդ հայրենիք է դարձել տասնյակ հազարավոր եզդիների համար»։


Ինքնատիպ մարմարակերտ կառույց  է Տաուսե Մալակի տաճարը։ Տաճարի բարձրութունը  29 մետր է։ Տաճարը ունի մեկ մեծ և յոթ փոքր  գմբեթներ, որոնք սկսվում են 8 մետր բարձրությունից։


Մեծ գմբեթը բարձրանում է ևս 7 մետր ուղղագիծ, այնուհետև ևս 11,60 մետր թեք ճառագայթների տեսքով։ Այս ամենին ավելանում է ոսկեզօծ  արևը, որի բարձրությունը  2,20 մետր է։ Մեծ գմբեթի արևի ճառագայթների թիվը 24 է, իսկ պատուհանների թիվը՝ 8։ Փոքր գմբեթների  թիվը 7 է՝ մեկական պատուհանով։  Յուրաքանչյուրի բարձրությունը 14,65 է՝ գումարած 1,30 մ ոսկեզօծ արևը։ Արև կա և տաճարի մուտքային մասում՝ 3,20 մ տրամագծով։ Տաճարը ևս երկու մուտք ունի՝ հյուսիսային և հարավային հատվածից, լայնությունը 18 մետր է, երկարությունը` 21։


«Մենք պետություն չունենք ու լինելով խոցելի փոքրամասնություն, մենք անխուսափելիորեն կասիմիլացվենք, եթե չպաշտպանենք մեր ավանդույթները»,- նշում է Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Հասան Հասանյանը։


Նա հույս է հայտնում, որ նոր տաճարը «կդառնա հոգևոր կյանքի խոշորագույն կենտրոն ամբողջ աշխարհի եզդի ուխտագնացների համար»։



Լուսանկարները՝ Սուրեն Մանվելյանի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ