Տաթևիկ Իսրայելյան (Դեբենց) – «Հենոն»

Հենոն մեր թաղի միակ տղան էր։ Կողքի բակից մեկն ասել էր, որ Հենոն մեզնից մեկին սիրում է, բայց թե ում` չգիտեինք։ Մի օր միամիտ-միամիտ հարցրի.

– Հենո, ինձ սիրու՞մ ես։

– Չէ՛,-ասաց ու դժգոհ դեմքով շարունակեց իր Հեծոն քշելը։

Ամբողջ օրը հեծանիվի վրա էր, կա՛մ ինչ-որ փչացած բան էր սարքում, կա՛մ ուղղակի քշում։

Ապրիլյանի ժամանակ(գրողը թող իր փեշի մեջ հավաքի բոլոր պատերազմներն ու տանի մի հեռու տեղ պահի), մեր բակում սուգ էր։ Բակի բոլոր աղջիկներով թաշկինակը ձեռքներիցս չէինք գցում։ Վախենում էինք։ Ամեն վայրկյան կարող էր ու․․․ Չեմ էլ ասում, թե ինչ լիներ․․․ Մեր շքամուտքի առաջ մի նստարան ունեինք, բակի ծերերը հավաքվում էին ու բամբասում։

Ապրիլյանի ժամանակ ոչ ոք ոչինչ չէր ասում։ Զարմանալի էր։ Մեկ-մեկ Անիկ տատը` Հենոյի միակ ու սիրելի տատը, կարող էր հոգոց հանել ու մաշված չալիկով փորել հողը․․․ Խաբար եկավ։ Հենոն չկար։ Բակի աղջիկներով լացներս կտրեցինք։ Մեծացանք մի վայրկյանում։ Կորցրինք մի վայրկյանում։

Տարիները իրենց ազդեցությունն ունեցան։ Ամենքս ամեն բան մոռացանք։ Մոռացանք, թե ոնց մի վայրկյանում կորցրինք։ Կորածին էլ մոռացանք․․․ Մեր միջից ամենահավատարիմը Հենոյի Հեծոն էր, որ դեռ բակում կանգնած` իր տիրոջն է սպասում․․․

Ձեզ նույնպես կարող է դուր գալ