Տաթև Սարգսյան – «Կերպարանքից բաժանողը 10 կամ 20 քայլ էր»

1993 թվին զորակոչվեցի բանակ: Ձմեռ էր, սարսափելի ցուրտ: Ամբողջ մարմնով դողում էի, ցուրտը հասել էր մինչև ոսկորներս; Հրամանատարը հրահանգ տվեց.

_Հավսա՜ր, զգա՜ստ:

Այս բառերից ցուրտն ասես ավելի սատկացավ: Մեզ հրամայվեց հանել քաղաքացիական շորերը և փոխարենը հագնել նոր բաժանված զինվորական հագուստը: Սարսափով եմ հիշում ցրտի այդ վայրկյանները… Վերջ շինելի մեջ բավական հարմար է: Այն գորշ գույնի էր և հասնում էր գրեթե մինչև սրունքներին, և պիտի ասեմ, որ բավականին սազում էր ինձ:

Քիչ-քիչ հարմարվում էինք զինվորական կյանքին, սովորում զենքի հետ ինչպես վարվել: Մեզ դիրքեր դեռ չէին տանում, մնում էինք զինանոցում և սովորում:

1993թվականի փետրվար ամսին մեզ առաջին անգամ տարան սահման: Նույնիսկ շինելը չէր փրկում սարսափելի ցրտից: Օրը երեկոյանում էր ցուրտը սաստկանում, իսկ կրակ վառել խստիվ արգելված էր: Տղաներից մեկը` Արշակը, շինելի ծոցագրպանից ապակյա տարա հանեց, որ լիքն էր անգույն հեղուկով: Օղի էր, թե ինչպես էր հաջողացրել, չգիտեմ: Բոլորիս մի-մի բաժակ հասավ: Մի պահ ցուրտը հաղթահարեցինք, բայց կարճ տևեց, հեղուկն էլ բավական դյութիչ դուրս եկավ, մինչև տակը չառանք, չհանգստացանք: Մութն ընկնելու հետ արդեն երեքական բաժակ ամենքս խմել էինք թունդ օղուց: Աչքերիս առջև մի պահ աշխարհն օրորվեց, հերթով նայեցի զինակից ընկերներիս… գավառցի Արշակն է, կլոր թարթիչներով, ցցված այտոսկրերով, ցրտից կարմրած ձեռքերը մոտեցրել է քիթ ու բերանին և հո՜ է անում, հետո աչքս ընկավ լենինականցի Սեյրանի կողմը: Նիհար ու խոշոր աչքերով տղա է Սեյրանը: Չնայած ցրտին` նա ինչ որ բան է պատմում տղաներին ու իրենից գոհ ծիծաղում, ցցված քիթը ցրտից կարմիր-կարմիր է դարձել, բայց ինձ թվում է նա ցուրտ չի զգում: Ահա բարձրահասակ, շիկահեր Արմանը, նրա կողքին սևանցի Հայկը, գիրուկ Արթուրն ու Ճիլեզ Վարդանը` բոլորը ծիծաղում են: Հետո աչքս ընկավ գորշ երկնքին, որտեղ գեթ մի աստղ չգտա, հայացքս իջեցրի սարերին, որոնց վրա միայն սև ուրվագծվում էին մերկ ծառերը, նայեցի անհուն հեռվին ու սիրտս մի պահ կտոր-կտոր եղավ, աչքերիս առջև հայտնվեց մայրս, իր մանուշակագույն շրջազգեստով էր, կանաչ աչքերը արցունքակալած էին, բայց ժպտում էր, հետո հորս տեսա, էլի իր խիստ հայացքով էր, եղբորս կանաչ աչքերը տեսա, որ կարոտով էր լի, տատիս դողդոջուն ձեռքերը` ինձ գրկել էին ուզում: Անու՜շս, իմ սիրուն Անուշ, նա է, ահա արագ արագ քայլում է…

Սառը քամին զարկեց դեմքիս, էլի շուրջս մութ սարերն են, ցուրտը, տղերքն են, ինչ որ բանի շուրջ են վիճում: Չգիտեմ` ի՞նչ փչեց խելքիս, վեր կացա ու սկսեցի քայլել, այն էլ թշնամու ուղղությամբ:

Մեզ թշնամուց բաժանողը մի ձորակ էր, ու եթե գոռայիր հակառակորդը անպայման կլսեր: Սեյրանը հաճախ էր կանչում թշնամիներին, ծաղրում էր նրանց, ծիծաղում, հայհոյում ու պատասխան հայհոյանք ստանում: Բոլորս ծիծաղում էին ու սկսում ինչ որ բաներ գոռալ, նրանք էլ իրենց հերթին:

Ես իջա ձորակը ու չգիտեմ` որ ուղղությամբ սկսեցի քայլել, օդը սառն էր, բայց ինչ որ հաճելի բան էի զգում:Ոտքերս քարերին խփելով առաջ էի շարժվում, հանկարծ ոտքս ինչ որ քարի առավ ու քիթ ու բերանի փռվեցի սառը գետնին և թմրությունն անցավ: Նայեցի շուրջս, ամբողջը թաթախված էր մթության մեջ ու ոչինչ չերևաց, միայն մի սուլոց անցավ գլխավերևովս, թշնամու արձակած գնդակն էր: Բութ սառնությունն անցավ ամբողջ մարմնովս ու շուրջը տարածվեց վառոդի զզվելի բույրը: Հանկարծ թիկունքիցս իմ անունը լսեցի, մեր տղերքն էին.

_Միքայե՜լ, Միքայե՜լ…

Թշնամին խորամանկ էր գտնվել ու հակառակ կողմից լսելով անունս որոշել էին ծուղակը գցել: Երևի ինձ վաղուց էին նկատել և հետևել այնքան, մինչև հասնեմ ձորակի հատակը:

Մթության մեջ միայն մերկ ծառերի ուրվագծերն էի տեսնում, լանջերի խորդուբորդությունները: Իսկ օդում զրնգում էր անունս, արձագանքում ու ասես զարնվելով աջ ու ձախ նորից հնչում:

_Միքայե~լ, Միքայե~լ:

_Միքայե~լ:

Ես շվարել էի ու չգիտեի` ո՞ր կողմ գնալ և հանկարծ նկատեցի դիմացի լանջով դեպի ինձ քայլող մեկին: Ուրվագիծը ուշադիր զննելիս նկատեցի, որ ուսին հրացան չկա, ձեռքերն էլ ասես դատարկ են: «Հաստատ մեր տղերքից ա» մտածեցի ու ժպտալով քայլեցի դեպի կերպարանք ու հանկարծ դիմացս լուսավորվեց: Թիքունքիցս լսեցի ճայթուցիչի ձայնը, ու երկու կրակոց օդում, մեր գաղտնի նշանն էր, ինձ ու դիմացի կերպարանքին բաժանողը կլիներ տասը կամ քսան քայլ, ճայթուցիչի լույսը թույլ տվեց տեսնել թշնամու համազգեստը, լուսավորվելուն պես կերպարանքը շրջվեց ու սկսեց վազել յուրայինների ուղղությամբ, ես էլ ժամանակ չկորցրի ու սկսեցի վազել մերոնց ուղղությամբ, թե ինչպես հասա ու ինչ էր կատարվում իմ վազքի ընթացքում չեմ հիշում: Միայն կարող եմ ասել, որ երբ հասա տեղ մերոնք վազեցին իմ կողմը բոլորը գրկեցին ու… ու մեկը աքացի հասցրեց,,, Ով էր այդպես էլ չիմացա:

Աչքերս բացեցի երբ արդեն լույս էր, լսեցի Սեյրանի ձայնը` էլի գոռում էր թշնամու ուղղությամբ, լիաթոք ծիծաղում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ