
Ես չգիտեմ արթնանալիս դու աչքերդ ուղղու՞մ ես դեպի լույսը, որ մոռանաս այն երազը, որում ես էի, թե՞ փակում ես դրանք, որ երազդ շարունակվի: Տե՛ս, ես չգիտեմ, բայց սպասում եմ քեզ…
Ես չգիտեմ քո լսած երգերի մեջ իմ մասին տողեր գտնու՞մ ես, թե երաժշտությունն ականջդ այնքան է շոյում, որ մոռանում ես բառերին, ինձ էլ հետը: Տե՛ս կասկածում եմ, բայց սպասում եմ քեզ:
Ես չգիտեմ դու կարդու՞մ ես գրքեր, որտեղ մարդիկ բաժանվում են ընդմիշտ:Սիրտդ ցավու՞մ է, մտածու՞մ ես մի բաժանման մասին, որի երկրորդ կողմը ես եմ ու մենք ստիպված ենք դա անել՝ ընդմիշտ ու անժամանակ: Տե՛ս, ես գիտեմ, որ միացման հույս չկա, բայց սպասում եմ քեզ:
Դու հիշել ես ինձ տարին մե՞կ անգամ, թե՞ դարը՝ երկու, չեմ կարող ասել, բայց մի բան լավ գիտեմ. հիշողությունս ո՛չ հուզական է, ո՛չ շարժողական, ո՛չ պատկերավոր, ո՛չ էլ տևական, իմ հիշողությունը վաղուց ՔԵԶական է:
Դու գլխիս խոհանոցում ես, որտեղից միշտ դառը սուրճ է բուրում:Դու սրտիս ննջասենյակում ես, բայց երբեք չես քնում իմ մասին մտածելով:Դու մտքիս միջանցքի հայելուց նայում ես քեզ, ժպտում, հիանում ու ամբողջ ուժով դուռը փակում ես կարոտիս երեսին ու ես այսքանից հետո զարմանում եմ, ինչպե՞ս ես դու ապրում քո տանը , երբ վաղուց է ինչ հոգուս տանն ես…
Արթնանալիս լույսին նայիր, թող օրդ արևով սկսվի, թող գրողի ծոցը գնան իմ մասին երազները:
Իմ մասին տողերով երգերի հերն էլ անիծած, դու երաժշտությամբ շոյվիր, ես վաղուց է, ինչ երգեր չեմ լսում…
Գրքեր մի՛ կարդա, որ օտարների բաժանումից սիրտդ չցավի. ես երկուսիս տեղն էլ կսգամ մեր ՄԵՆՔ չլինելը…
Դու սպասեցրու ու մի արի, որովհետև իրական սպասումները վերջ չեն ունենում…տե՛ս, ես դա էլ հստակ չգիտեմ, բայց սպասում եմ քեզ՝ մեկին, ով երբեք ինձ սպասել չսովորեց…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
1
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
1