Տաթև Ղումաշյան – «Ես վախենում եմ նորից անհավատ դառնալուց»

Ձեռքեր կան, որ գալիս են բուժելու, գալիս են, որ չճաքեն սեփական ձեռքերդ՝ առանց սիրո, ու չկորցնեն իրենց հատուկ ջերմությունը: Հայացքներ կան, որ գալիս են հավատացնելու. սերը չի մեռնում երբեք, այն բոլորիս մեջ է՝ ներսում, ամենախորքում…
Մարդիկ կան,որ գալիս են ուղղելու քո բոլոր սխալները կամ օգնելու, որ մի նոր հիմարություն չանես հանուն նրա, ով քեզ երբեք չի սիրել…Նրանք գալիս են, որ չկորցնես քեզ բնորոշ անհոգությունը, բարությունն ու տեսակը, նրանք գալիս են, որ չմոռանաս սիրելու ձևը ու սիրված լինելու անփոխարինելի զգացումը:
Աչքեր կան, որ գալիս են քեզ փնտրելու ամեն մի անկյունում աշխարհի, որ տեսնելուն պես ժպտան ու ապրեցնեն քեզ, որ քեզ նայելիս հավատան հրաշքի գոյությանը ու ստիպեն քեզ տեղով մեկ հրաշք դառնալ՝ մեկին իմաստ տալու համար…
Ու նա կա, որ գա ու հետդ կիսի երգացանկիդ ամեն մի երգը ու ներքին կոնֆլիկտներիցդ ամենաբարդը, նա կա, որ գա ու փրկի քեզ սիրել չիմացողներից, փրկի ինքդ քեզնից ու սեփական վախերից: Կա ու կգա, որովհետև նա էլ քեզ պես մեկի կարիքն ունի, որովհետև նրան էլ մի օր խաբել են, թե սեր չկա. չի հավատացել, եկել ու գտել է քեզ:
Ու կաս Դու, որ եկել ես բուժելու, ինձ առաջվանը դարձնելու, տողերս երջանկությամբ լցնելու, եկել ես, որ էլ երբեք, ոչ մի գրքում չգրեմ, թե սեր չկա…
Չգնաս երբեք. ես վախենում եմ նորից անհավատ դառնալուց…

Տաթև Ղումաշյան
16.06.22
22:28

Ձեզ նույնպես կարող է դուր գալ