Դու արժանի ես, որ սիրված լինես, դու արժանի ես, որ քեզ ապահով ու երջանիկ զգաս: Քո սրտի մեծության չափով դու իրավունք ունես քեզ լիարժեք զգալու: Արժանի ես, որ քեզ համար էլ մեկը ճանապարհ կտրի ու հասնի, որ քեզ էլ ծափահարեն, եթե ոչ բեմից, ապա պատշգամբիդ մոտ, որովհետև լցրել ես մեկի կյանքն իմաստով ու երջանկությամբ:
Դու արժանի ես հաջողակ լինելուն, որովհետև անհաջողություններն անգամ չփոխեցին տեսակդ ու չկեղտոտեցին հոգիդ: Դու ընդունված լինելու իրավունք ունես, եթե նպատակներդ բարի են ու եթե դու էլ ընդունել ես բոլորին:
Քեզ էլ մի օր ծաղիկներ կնվիրեն ու դու կհասկանաս, որ հոգուդ նրբությունը իզուր չի ապրել և լավ է, որ չնվիրած ծաղիկները չեն փշոտել հոգիդ:
Քեզ էլ մի օր մի կանգառում անձրևանոց կզիջեն ու դու չես սրտնեղի թրջված հագուստի ու անհարդար մազերի համար, որովհետև անձրևանոց կիսողի համար կարևորը «հարդարված» հոգիդ է: Քեզ մի օր կզանգեն գիշերային ապրումներիդ պահին ու կասեն, որ մենակ չես, որ տխրությունդ ու խնդիրներդ մենակ քոնը չեն:
Կարթնանաս մի օր ու կտեսնես, որ երջանկությունը տանդ դռան մոտ համբերատար սպասում է, դու պիտի նկատես նրան, չպիտի թողնես, որ ինչ-որ խնդիրներ խանգարեն ձեր հանդիպմանը, դու ամեն բան հաղթահարած պիտի դիմավորես նրան:
Հիմա նայիր հայելու մեջ: Տես, թե ինչ սիրուն են աչքերդ, որոնց ամենևին էլ շպար ու թվային «սիրունություններ» անհրաժեշտ չեն, ընդունիր քեզ այդ աչքերով, որոնք այնքան սիրուն են, երբ կողքից դիտվում է երկրորդ մեկի կողմից: Տես, թե ինչ բարի մնացին ու չչարացան այդ նույն աչքերը ու հարգի՜ր քեզ, որովհետև ինքնահարգանքից ու ինքնընդունումից են սկսվում սահմաններդ, որովհետև քեզ ճանաչում են այդ սահմաններից, որովհետև դու սկսվում ես հենց այդտեղից:
Դու արժանի ես ամեն լավին ու բարուն ու դու երջանիկ ես լինելու, եթե ընդունել ես քեզ, եթե հասկացել ու ճանաչել ես քեզ, եթե աչքերդ ուրիշի երջանկությունից բարի ժպտացել են և ոչ նախանձել: Իսկ թե նախանձել են ուրեմն դեռ չես սիրում քեզ, դեռ չեն սիրել քեզ ըստ արժանվույն…բայց չվհատվես, որովհետև սերը միակն է, որ չի անտեսում և ոչ մեկին…
Նա կգա ու կբերի այդ սերը,
Սերը, կգա ու կբերի նրան, հենց որ պատրաստ լինես…
Հավատա՛…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ