
Ես Տարոն Գլակն եմ՝ ծնվել եմ 1992 թ. -ին: Հայրս ռազմաճակատում էր և երբ ընկերների հետ գալիս էին քաղաք ինձ լիքը նվերներ էին բերում և լցնում օրօրոցիս մեջ: Իսկ ի՞նչ կարող էին բերել ֆիդայիները, կարող եք կռահել: Նվերները շատ էին, բայց մեկ անուն ունեին՝ փամփուշտ: Փամփուշտ էին բերում տղերքը ու լցնում օրօրոցիս մեջ և նաև այդ պատճառով է, որ գրքիս վերնագիրը ոչ այլ ինչ է քան ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ:
Սա իմ երրորդ՝ <<Պատերազմում>> բանաստեղծությունների ժողովածուի նախաբանն է: Ասում են և ինքս էլ մի փոքր հիշում եմ՝ կամակոր երեխա եմ եղել, այդ պատճառով, թերևս մանկապարտեզ չեն ուղարկել: Սովորել եմ Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում: Հետաքրքրվում էի Հայոց պատմությամբ, հիմա էլ անտարբեր չեմ: Երեք տարի սովորել եմ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, բայց կանոնավոր ուսումն ինձ երբեք չի գրավել: Այդպես էլ ուսումս կիսատ թողեցի, մի քանի տարի հետո երազ տեսա, ոգևորվեցի և որոշեցի շարունակել ուսումս, բայց արդեն ռեժիսորական ուղղությամբ: Զարմանալի կես տարի անցկացրի, բախտ ունեցա լսել Երվանդ Ղազանչյանին՝ հավերժ երիտասարդ, եռանդուն մեծ արվեստագետին:
2014 թ. -ին լույս է տեսել իմ առաջին գիրքը՝ <<Դեպի լիճը>> խորագրով, այնուհետև 2017 թ. Ին <<Գետի ափին>> բանաստեղծական ժողովածուն: Վերջին գիրքս կոչեցի <<Պատերազմում>>, իրականությունը ստիպեց մի քիչ հեռանալ ջրից: <<Պատերազմում>>- ը լույս է տեսել 2020 թ. -ին Վան Արյան տպագրատանը:
2018 – 19 թթ. սկսեցի հեղինակային հաղորդումների շարք՝ նվիրված հայ գրականության մեծերին՝ իբրև խորագիր ընտրեցի Հրաչյա Սարուխանի` <<Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի>> անչափ սրտամոտ տողը : Առաջին հաղորդումը նվիրված է հենց նրան՝ Հրաչյա Սարուխանին, որի դերը մեր պոեզիայում անփոխարինելի է: Որքան էլ դժվար լինի, միևնույն է այս աշխատանքը պիտի շարունակեմ, քանի որ վստահ եմ՝ այն հաց ու ջրի պես անհրաժեշտ է մեզ այս տխուր, <<ապազգային օրերում>> :