
Եվ իսկապես՝
Ջո՞ւր ենք, կրա՞կ, թե քամի,
Խամաճի՞կ ենք, խաղալիք ենք, թե՞ աստված,
Քո աչքերում ես կարդում եմ ավելին,
Քան մտքերում փիլիսոփա էս մարդկանց:
Երեխա կա՝
Իմ հոգու մեջ՝ մշտարթուն:
Իմ փոխարեն նա է հեգնում շատերին:
Ոչ հանճար ու
Ոչ տաղանդ է ճանաչում,
Ամեն հարցում հավատավորն է սրտի:
Չի խնայում
Իմ մեջ ապրող խոհեմին,
Ծաղրում է միշտ՝ իր մանկական խոսքերով:
Ես չգիտեմ՝ ո՞վ է ճիշտը մեզանից,
Սակայն նա է նախամտքին լավ ծանոթ:
Առաջին միտք,
Որ հասու ես քչերին,
Անհնար է քեզ հետ մրցել խորհելով:
Հավատում եմ իմ մեջ ապրող փոքրիկին՝
Քան մտքերիս՝ օձագալար սողացող:
Բայց մի հարցում
Ես վստահ եմ ավելի,
Քան այդ անքուն, չարաճճի երեխան:
Սիրո մասին առարկություն նա չունի,
Սիրո մասին միշտ լռում է ապագան:
Եվ իսկապես
Օդ ենք, ձո՞ւկ ենք, թե կապիկ,
Իրակա՞ն ենք, ցնո՞րք ենք, կա՞նք, թե չկանք:
Աչքերիդ մեջ ես կարդում եմ ավելին,
Քան մտքերում փիլիսոփա էս մարդկանց: