Թամարա Աբգարյան – «Իմ մանկության հոտը մորս գրկում եմ զգում»

 

Հրա՜շք սրբություն, քնքշություն անգին,

Երազ գեղեցիկ, երազ խենթացնող,

Դու աստվածային,առեղծվածային,

Օ՜, մայր իմ լուսե՝ մեծ երջանկություն…

Մայրության գաղափարն իր մեջ կրում է վեհ ու գեղեցիկ խորհուրդ, և զուր ու պատահական չէ, որ մայր ենք կոչում մեր եկեղեցին, հայրենիքը, հողն ու լեզուն: Այդ գաղափարն էլ ավելի արժևորվում է՝ մարդկանց մեջ արթնացնելով երախտագիտության խոր զգացում և անմնացորդ նվիրվածություն առ հայրենիք: Աստվածապարգև այս խորհուրդն է մարդկությանը մղում խոնարհվելու, պաշտելու, սրբացնելու կյանք պարգևող, սնող և արարող մայրերին: Այո՛, միշտ այդպես է … երբ հիշողություններիս վերելակը նստած՝ իջնում եմ մորս գրկի մեջ, մանկությանս հոտն այնտեղ եմ զգում… այստեղ ինձ պարուրում են վերհուշները. մորս գրկի մեջ վերստին մանկանում եմ. չէ՞ որ նրա գրկի մեջ ժպտացել եմ, լացել ու ծիծաղել, չէ՞ որ հիվանդ ժամանակ նրա գրկում եմ առողջացել, ամեն վախ ցրել… նրա ջերմ ու հոգատար գրկի մեջ ողջ մի կյանք եմ ապրել… Իմ մանկությունն իմ Մայրն է, ում գրկի մեջ խնամքով թողել եմ բյուր քաղցր հուշեր, և երբ հոգնում եմ, երբ կարոտում եմ, բավական է, որ նա գրկի ինձ, ու իր տաքուկ մատների շոյանքով քնքշորեն կքշի ինձ դեպի մանկություն, դեպի այնտեղ, որտեղ երազանքները միշտ կատարվում են, որտեղ հեքիաթներն իրական են … նույնիսկ մինչ այսօր նոր թխած հացի բույրն եմ առնում նրա գրկի մեջ, ամեն բան համեղ ու թարմ է այնտեղ… Այնպե՜ս եմ սիրում հաճախ գրկել մորս, հաճախ մանկանալ… Մա՜մ, տիեզերական սիրուդ օրհնությունն է լուսավոր օրերիս ամենախոսուն գրավականը, որովհետև քեզնով է իմաստավորվում իմ ապրած ամեն ակնթարթը:

Ի՜մ անուշ մայր, թող ես հավերժ զգամ քո լինելության երջանկացոլ ժպիտի արբեցնող շունչն իմ սրտում։

Հեղինակ՝ Մարինե Աբգարյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ