
– Կպատմե՞ք Ձեր երազանքների մասին:
– Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկություն և երազանքներ:Դրանք սկսում են իրականանալ,երբ գիտակցաբար սկսում ենք վերլուծել մեր երազները: Հետո սկսում կյանքը նկարել մեր ներկապնակի գույներից օգտվելով`ոմանք նոր գույներ հաղորդելով, իսկ ոմանք նկարելով այն գույներով,ինչ ունեն:
– Ինչպիսի՞ն է արվեստագետի հոգին:
– Արվեստագետի հոգին չի ապրում հասարակ: Այն դուրս է բոլոր սահմանագծերից: Եթե ապրում է, ուրեմն անընդհատ փնտրում է… փնտրում է այնքան, որքան կյանքի տևողությունն է:Բոլոր մարդիկ էլ հոգու խորքում միշտ ինչ-որ տեղ,ինչ-որ բան են փնտրում: Փնտրում են, բայց ոմանք երբեք չեն գտնում: Սակայն լինում են մարդիկ, որոնք առանձնանում են ու ցույց են տալիս կյանքին`սև անկյան լուսավոր կետը, և տարածում սերը ու գույները մարդկանց հոգիներում` կարծելով, որ կսկսեն բոլորը մեզ պես մտածել, գնահատել ոչ թե իրի արժեքը, այլ նշանակությունը:
– Ի՞նչ կասեք սիրո մասին:
– Սիրել ոչ թե արտաքինն ու մարմինը, այլ հոգու գեղեցկությունը և ներդաշնակությունը: Տեսնել վատի դրական արտացոլումը, չէ՞ որ բոլորը կարող են տեսնել վատը, բայց լավը տեսնել քչերը են կարող:
Դրանք արտացոլվում են կտավների վառ գույների,խամրած ներկերի ու մոխրացած վրձինների վրա: Իսկ հոգի՞ն, ի՞նչ է կատարվում այնտեղ: Իհարկե միայն պորթկումներ ու փոթորիկներ: Չէ՞ որ դրանք են հիմքը իրական նկարների ու մեծ գործերի:
– Ինչպե՞ս է «ծնվում» նկարը:
– Չի՛ կարող ծնվել նկար, որը սրտից չի բխում: Այն ծնվում է գլխում, և տեսանելի դառնում թղթի վրա,որ տեսնեն բոլորը, բայց հասկանան յուրահատուկները: Մենք սիրում ենք մեր հոգին տալ ուրիշներին: Այն ուրիշներին, որոնք այն օգտագործում են կարծես վերարկուին ամրացրած ծաղիկը, որը որպես զարդ, գեթ մեկ օր գոհացնում է փառամոլությունը: Բայց դա չի սահմանափակում գույներ տարածելը: Աշխարհը մեծ է, այնտեղ անընդհատ ինչ-որ նոր բան է կատարվում, ուստի արրվեստն էլ ունի իր հրեշները` ճիվաղային մտքերով և ճահճացմամբ:
– Ի՞նչ կոչ ունեք հասարակությանը:
– Ամեն ինչի մեջ պետք է գտնել գեղեցիկը: Չսպասել, որ ինչ-որ բան պետք է փոխվի, այլ սկսենք փոխել հենց ինքներս, որպեսզի գան այն գույները, որոնք ստեղծում են նոր գույներ: