Սյուզի Ավդալյան – «Նա գուցե քեզ ների մի օր»

-Նա գուցե քեզ ների մի օր,
երբ դադարի բոլորի մեջ քեզ փնտրել
ու երբ ուրիշներից կարոտդ առնելուց հետո
քո տեղը հերթով բոլորին լքելուն վերջ տա…

Այդպես նա չի ազատվում քեզանից,
այլ քեզ նման մի քանիսն է ունենում։
Միայն թե ազատում է իրեն այն մտքից, թե դու չկրկնվող ես ու քեզանից էլ չկա։

Նա գուցե ների քեզ մի օր,
երբ չգրանցված զանգերին սկսի պատասխանել,
ու երբ էլ չի գրանցի նոր համարներ, որոնցից երբեք իրեն զանգեր չեն գալու…

Նա գուցե և ների քեզ,
հենց վերցնի ունեցած բոլոր հագուստները
ու պատուհանից դուրս շպրտի.
դրանցով ախր ինքը հետդ հանդիպումներ էր պատկերացրել  ու իրեն սիրուն զգացել։
Եվ հիմա էլ չի կարողանում հանդիպել նրանց,
ում համար ինքը առանց պատրաստվելու էլ սիրուն է։

Երևի ների քեզ, երբ շպարը կիսատ թողած երբեք չշտապի ինչ-որ մեկի մոտ,
երբ իրեն սպասող լինի՝ երկար ու համառորեն սպասող,
ում մոտից երբեք չեն ուշանում,
եվ ում մոտ, ցավոք, չեն էլ շտապում։

Երբ էլ լինի,
նա գուցե ների քեզ,
որովհետև այդպես չներված դու երկար չես ձգի,
իսկ նրան զղջումներ պետք չեն,
եվ նա չի կամենա քեզ տեսնել ծնկած։

Դրա համար էլ, երևի, նա ների քեզ,
երբ պահի տակ անհարմար համարի քո վերադարձը,
և դանդաղ ու անշտապ գնա նրա մոտ,
ով շտապում է անվերադարձ գողանալ նրան քեզանից։

Գուցե նա ների քեզ,
երբ մոռանա, որ մի օր դու կարող ես վերադառնալ փոխված՝
իր ուզածի պես..

Ու նա կների քեզ,
հենց դադարի հավատալ, որ
մարդիկ երբևէ փոխվում են։

Այդպես աններում դու երկար չես ձգի,
և նա չի կամենա քեզ այլևս տեսնել.
դրա համար էլ նա հաստատ կների քեզ,
որ ազատվի քեզանից։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ