
Սեր իմ, քեզ գրում եմ նրա համար, որ մեր մեջ եղած հեռավորությունը մի քիչ քչանա։ Այդ հեռավորության մեջ ես մի քանի օվկիանոս ու մի երկու աշխարհ կտեղավորեի…ինչևէ։ Ես ուզում եմ՝ իմանաս, որ ես հասկացել ու կարողացել եմ սիրել (և դա քո շնորհիվ է կատարվել իմ կյանքում)։
Եթե վաղը լույսը կրկին բացվի, ուրեմն իմացիր, որ սիրում եմ քեզ։ Ես պատրաստ եմ մի՜շտ լույս բերել քո կյանք։
Եթե դու աչքերդ բացես, ու աշխարհը երևա քեզ իր հակասություններով…ուրեմն ես սիրում եմ քեզ։ Ես պատրաստ եմ հավերժ ցույց տալ քեզ աշխարհը՝ինչքան էլ հակասական լինի այն (ես ու դու էլ պակասը չենք)։
Եթե դու էլի՜ դժվարությամբ արթնանաս ու բողոքես, որ չես կշտացել քո քնից, ուրեմն իմացի՜ր՝սիրում եմ։ Ես ուզում եմ արթնացնել քեզ ու տեսնել ժպիտդ՝կշտացած անուշ քնից։
Եթե Երկիրը շարունակի պտտվել իր առանցքի շուրջ… ուրեմն ես դեռ սիրում եմ քեզ։ Իսկ Երկիրը (համառորեն) պտտվում է իր առանցքի շուրջ։ Կարծում եմ՝ դա հավերժ օրենք է։ Հետևություններ արա այդ օրենքից ևս, սիրելիս։
Ասում ես՝ մենք հեռու ե՞նք։ Թող այդպես լինի։ Բայց, սիրելի՛ս…եթե քո աշխարհում էլ արև կա, ուրեմն ես քեզ սիրում եմ։ Եվ այդ արևն էլ եմ սիրում, այո (չէ՞ որ դու իմ կյանքի արևն ես)։
Ինչքա՜ն էլ հեռու լինենք մենք… եթե քեզ մոտ էլ կա մի եղանակ, որ ծաղկեցնում է ամեն ինչ (ինձ մոտ դա «գարուն» են կոչում)… ուրեմն ես սիրում եմ քեզ։
Եթե քո աշխարհի էլ փողոցներում էլ անծանոթ մարդիկ են քայլում… հավատա՝սիրում եմ քեզ։
Մենք տարբեր մոլորակների վրա ենք կարծես, բայց եթե մենք նույն Լուսինն ենք տեսնում(ուրիշ Լուսին չկա, սիրելիս, իսկ ուրիշ մոլորակներ՝լիքը) … ուրեմն ես քեզ սիրում եմ։
Դու իմ կյանքի ամենաբարդ խնդիրն ես գուցե, բայց մի անգամ դպրոցում ես երկրաչափական խնդրի գրեցի(ատում եմ երկրաչափությունն իր խնդիրներով) … ուրեմն կստանամ նաև քո խնդրի լուծումը։ Թույլ տուր պահանջներդ իմանալ միայն…
Մենք աշխարհի տարբեր ծայրերում ենք, բայց մի՞թե քեզ մոտ էլ մարդիկ մի անգամ չեն ծնվում (ոչ ոք չի գժվել այնքան, որ երկրորդ անգամ ծնվի)։ Այո՜, ինձ մոտ էլ նույնն է, ուրեմն ես էլի՜ սիրում եմ քեզ։
Եթե դու՜ էլ ձանձրանում ես միայնակ կյանքից, ուրեմն ես քեզ սիրում եմ։
Եթե դու էլ սիրում ես երկնքի պարզ ու ջինջ աչքերը… ես էլ քո՜ աչքերն եմ սիրում ախր։
Եթե այսօր կրկին մթնի… ես քեզ սիրում եմ։
Իմ կյանքի լույս, եթե աչքերդ բացես, ու էլի լույս լինի (կրկնում եմ) …սիրում եմ քեզ։
Իմ սրտի կուռք, եթե մի օր էլ(թող այդ օրը շա՜տ ուշ գա)…մութ լինի արդեն հավերժ… իմացիր, որ իմ աշխարհն էլ է մթնել, բայց ես այդ մթից անգամ… սիրում եմ քեզ։
Ես քեզ սիրում եմ, այո, մի ողջ հավերժություն, անհնարության հասնող քնքշությամբ սիրում եմ քո աչքերի փայլը։
Քո սրտի ամեն զարկը ես սիրում եմ։ Այդ իմ սե՜րն է զարկում քո սրտում (կամ քո սրտին)…
Սեր իմ, քե՛զ եմ գրում մի պարզ պատճառով՝մտքերս միայն քո մասին են։ Ինձ չի հուզում մնացյալ աշխարհը։ Ինձ չի վախեցնում գլոբալ տաքացումը։ Ես ցրտերից չեմ մրսում։ Ոչ մի վարակ, որ սպառնում է մարդկությանը, իմ կողքով չի ացնում (իմ կողքին միայն դու՛ տեղ ունես)։
Սեր իմ, քեզ գրում եմ, որ փոխանցեմ, որ այդ տարբեր աշխարհներից, մոլորակներից ու օվկիանոսներից…շատ եմ քեզ սիրում։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0