Սյուզաննա Նահապետյան (ՍյուԳա) – «Կյանքը՝ կողքի աչքից»

Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում կարոտով…(Սաադի)
Ինչքա՜ն իմաստ կա այդ խոսքերում, ինչքա՜ն ապրումներ ու զգացումներ են թաքնված այդ խոսքերում։ Լույս աշխարհ ենք գալիս անտեղյակ լինելով, թե ինչ է մեզ սպասվելու, բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ տեղեկանում ենք աշխարհից, մեր շուրջը կատարվող իրադարձություններից։ Հասունանում ենք ու սկսում շա՜տ բաներ հասկանալ, արժևորել։ Սովորում ենք պայքարել, սիրել, ներել ու գնահատել… Ու ինչքա՜ն մեծանում ենք, այդքան զարմանքով ենք նայում շուրջբոլորը, քանի որ անընդհատ տիրում է «նոր»-ի ժամանակաշրջան։ Ու այնքա՜ն շատ են այդ նորերը, որ մինչև փորձում ենք լիարժեք ծանոթանալ, հասկանալ դրանք, մեր կյանքի ժամանակը կամաց-կամաց վերջանում է, իսկ վերջաբանին կարոտում ենք մեր կյանքը. մեր կիսատ ու անավարտ կյանքը, որի մեջ թողեցինք կիսատ նորերը։ Չհասկացանք, չծանոթացանք մեր ժամանակի մեջ ստեղծված նորերին ու այդպես էլ պիտի թողնենք, հեռանանք։
Ճիշտ չգնահատեցինք մեր կյանքը, ճիշտ չտնօրինեցինք այն։ Կարևորություն տվեցինք անկարևորներին ու անկարևոր համարեցինք կարևորներին։ Փորձեցինք նմանվել մեզ շրջապատողներին ու հեռվացանք մեր իսկ «ես»-ից։ Խցկվեցինք գլոբալ կյանքի մեջ ու աչքաթող արեցինք մեր սեփական կյանքը։ Գրավիչ դարձավ գլոբալ կյանքում տիրող կեղծավորությունը, սուտը, շահամոլությունը, քննադատությունն ու ինչպես ասում են «իրար ոտքի տակ փորելը»։ Լինելով գլոբալ կյանքի մի մասնիկ՝ խառնվեցինք ու կամաց֊կամաց մերը դարձրինք այդ վատ հատկանիշները ու մեր ներսում սկսվեց բարու և չարի կռիվ։ Եթե կամքի ուժը մեծ լինի, բարին կհաղթի, եթե ոչ… Է՜հ, վատը ձգում է։
Բայց հիմա մի պահ նայենք աշխարհին, նայենք կյանքին, ի՞նչ է կատարվում։ Աշխարհը քիչ֊քիչ կործանման է մոտենում, կյանքն արդեն կորցնում է ինքն իրեն, իսկ մենք՝ մարդիկս աշխարհի ու կյանքի թիրախն ենք դարձել.մեկ վրիպում են, մեկ էլ զարկում։
Բայց երբևէ հարցրել ենք ինքներս մեզ.«ո՞րն է կյանքի իմաստը, ինչի՞ համար ենք լույս աշխարհ գալիս, ի՞նչ ենք փոխում աշխարհում»։ Դժվար թէ, ախր ավելի անկարևոր բաներով ենք տարված։ Տարված ենք ու մոռացել ենք ժամանակի մասին, որը կայծակնային արագությամբ անցնում ու մոռանում է մեզ։ Մոռանում է, որ սխալների ուղղում դեռ չենք կատարել, որ շա՜տ անավարտ կամ չսկսած ծրագրեր ու նպատակներ, կիսատ զգացումներ ու զգացմունքներ ունենք…
Կյանքի մայրամուտին ափսոսանքով կնայենք անցած տարիներին, անցած լավ ու վատ հուշերին, նաև անցյալում թողած թանկ ու կարևոր մարդկանց։ Այդ պահին կզգանք արցունքների տաքությունը մեր դեմքին, կզգանք մեր սրտի վերջին բաբախներն ու վերջապես կհասկանանք, որ կյանքը ժամանակավոր է։
Կփակենք մեր աչքերն ու խորը քուն կմտնենք՝ մեզ հետ տանելով մեր չսկսածները, կիսատներն ու անավարտները…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ