Ճանաչիր Ինձ – Սյուզաննա Յայլախանյան

Յանա (իսկական անունը՝ Սյուզաննա Հովհաննեսի Յայլախանյան)՝ արդի հայ գրականության ներկայացուցիչ, դիզայներ և մանկավարժ֊ուսուցիչ։ Ծնվել է 1991թ հոկտեմբերի 5֊ին Ախալքալաքի Արագվա գյուղում։ 1֊3 դասարանները սովորել է տեղի դպրոցում։ 2001 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն են հաստատել Երևանում։ Տեղափոխվելուց հետո կրթությունը շարունակել է ստանալ Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 միջնակարգ դպրոցում։

Առաջին բանաստեղծությունը՝ <<Դեպի լույս>>֊ը գրել է 17 տարեկանում իր ծննդավայրում լուսամուտագոգին նստած։ Ինչպես հեղինակն է նշում, այն ծնվել է երկնքի անհունին նայելիս։ 2009թ Յանան ընդունվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Պետական քննական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 18֊ի որոշմամբ նրան շնորհվում է ուսուցիչ, մանկավարժության բակալավրի աստիճան << Մանկավարժություն և մեթոդիկա>> (տարրական կրթություն) մասնագիտությամբ, իսկ 2015 թվականի մայիսի 20֊ի որոշմամբ՝ մագիստրոսի աստիճան նույն մասնագիտությամբ։

Սկզբնական շրջանում ստեղծագործում էր, քանի որ հոգու պահանջ կար, հետո՝ մի օր, անսպասելի որոշում է կայացնում և հանրության դատին ներկայացնում գործերից մի քանիսը, սկիզբը հեղինակի համար փոքր֊ինչ դժվար է եղել, ինչպես որ լինում է այն բոլոր դեպքերում, երբ որևէ նոր բան ես ձեռնարկում և սկսում, փորձում ես քեզ տեսնել նորովի, ճանաչել քո թույլ և ուժեղ կողմերը… գրական ասպարեզում մրցակցություն կա, բայց հեղինակը որևէ մեկին իրեն մրցակից համարել չի կարող, ինչու՞, քանզի յուրաքանչյուր ստեղծագործող անհատ մի աշխարհ է, անծայրածիր տիեզերք, որին պետք է բացահայտել և ճանաչել, անկրկնելի է իր տեսակով և իր ձեռագրով …. Ժամանակի ընթացքում Յանայի ընթերցողները անկրկնելի ձեռագրի շնորհիվ օրեցօր շատանում են, որն էլ,ինչպես նշում է հեղինակը, շատ կարևոր է յուրաքանչյուր գրողի համար։ Յանայի գործերի մեծ մասը նվիրված է կյանքին, սիրուն և մարդուն։ Յանան, ինչպես նշվեց, նաև դիզայներ է։
Ստորև՝ Յանայի աշխատանքներից.

 

 

Տիեզե՛րք դու մնա

Թե ծաղկում ես, 
Անապատում դու ծաղկի՛ր,
Ծաղկի՛ր, փթթի՛ր դու այնպես,
Որ անապատն էլ հիանա,
Քեզնո՜վ լցվի, լիանա
Եվ իր գրկում կյանքեր տա...

Թե մնում ես,
Երկնի ծովում դու մնա,
Աստղերի հետ դու խաղա՜,
Լուսնին օգնի՜ր՝ լույս տա,
Արևի պես ջերմացրու՜,
Բայց Տիեզե՛րք դու մնա...

***

Քո աչքերը

Քո աչքերը ինձ են փնտրում,
Ե՛վ փնտրում են, և՛ կանչում,
Քո աչքերը՝ ջինջ ու լուսե,
Հոգուս տան դուռն են թակում։

Քո աչքերը՝ ծով անհատակ,
Ծովում լիքը քարեր անգին։
Քո աչքերը՝ հուր, հրածին,
Դարձան սրտիս բանալին։

Քո աչքերը գերում են ինձ,
Ե՛վ գերում են, և՛ գերվում։
Քո աչքերը՝ լույս ու կրակ,
Լու՜յս ցոլացող իմ արեգակ։

***
Թողեք լռեմ

Թողեք լռեմ
Թե լռում եմ,
Ու չի լսվում ոչ մի շրշյուն,
Չկարծեք՝ համր եմ դարձրել։
Թե լռում եմ,
Ու չի երևում ոչ մի պատկեր,
Չկարծեք՝ կույր եմ դարձել։
Թե լռում եմ,
Ու չեք տեսնում լույսն իմ վառ,
Չկարծեք՝ ես մթնել եմ։
Թե լռում եմ,
Ու չեմ կանչում ես գեթ մեկին,
Չկարծեք՝ ես մենակ եմ։
Թե լռում եմ,
Չեմ ընկնում ես.
Բարձրանում եմ։
Թողե՛ք լռեմ...

Հետևեք Ինձ ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ