
Գնացեք դեղատուն ու ինձ համար մի տուփ արդարություն գնեք: Մեկ էլ վաճառողին ասեք ժամանակ առ ժամանակ հոգուս շրջանում ցավեր եմ զգում, սուր ծակոցներ։ Թող մի քանի կոճակ խիղճը կուրացնող էն հաբերից տա ու մեկ էլ մարդկանցից բուժող մի քանի քնաբեր։ Մի երկու օր առաջ էլ հույս էի հարցնում, ասաց չկա։ Էլ չենք ստանալու։ Մարդիկ գնում են չի օգնում, բերում ետ են շպրտում։ Հարցրեցի, ասացի երբե՞ք։ Ասաց երբե՛ք։ Հարցրեք, ասեք հաստա՞տ երբեք։ Դրանից մի շաբաթ առաջ էլ պատահաբար լսեցի վաճառողի ու ապրանքատուի խոսակցությունը։ Վաճառողն ասում էր էդ խղճի արկղերը ե՛տ տարեք, էլ չբերե՛ք։ Պահանջարկ չկա, չեն գնում։ Ապրանքատուն հարցրեց, ասաց երբե՞ք։ Ասաց երբեք։ Հարցրեք, ասեք հաստա՞տ երբեք։ Մեկ էլ անպայման հիշեցրեք, որ էն ժամկետն անց բարության արկղերը դեն չնետի այս շաբաթ։ Թող մնա բաժանենք «չունևորներին» ։Եթե գումարը բավականացնի՝ մի կոճակ էլ երջանկություն գնեք։ Չնայած գիտեմ. Գալու եք ասեք գումարը չբավականացրեց երջանկության համար, համել ասաց, որ հատուկ դեղատոմսով են վաճառում։ Դուք վաճառողին ասեք ես իրեն 4 արկղ լռություն կտամ, միայն ինձ թող մի կոճակ երջանկություն տա, լա՞վ։ Ճիշտ է հիմա լռությունն արժեք չունի, բայց պահանջարկը մեծ է։ Լավ հիշեցի։ Էն նույն հույս հարցնելու օրն էր. վաճառողը խոսքի մեջ ասաց համբերություն շատ են գնում։ Շուտ է վերջանում։ Ասեք ես ժամանակս ափսոսում եմ, նորն էլ չեն վաճառում։ Էլ համբերությունն ինչի՞ս է պետք։ Էդ համբերությունս էլ դրեք էն 4 արկղ լռության վրա, տվեք, ասեք երջանկության հաբերից թող երկու հատ տա։ Ու վերջում հակաԵրբեքայիններ գնեք, տվեք վաճառողին ու ասեք թող խմի, լա՞վ…
….Կգնա՞ք………….
Սյու Զեն
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0